Ջերմուկի համայնքապետը ԵԱՀԿ կարիքների գնահատման խմբին է ներկայացրել Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը՝ փաստերով
ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հոկտեմբերի 24-ին այցելել էր Ջերմուկ։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը:
«Նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը տեղի ունեցած հանդիպման ընթացքում նրանց ներկայացվել է սեպտեմբերի 13 -ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո (նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունն ու ներկայիս գտնվելու վայրերը)»,- նշված է գրառման մեջ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ:
Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը՝ անմիջապես տեղում։ Պատվիրակությունը այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ : Կրած վնասների մասին ներկայացվող տեղեկատվությունն արձանագրվել է փաստերով։