«Չեմ ուզում տղայիս մասին սխալ ինֆորմացիա տարածվի, նրա հիշատակի առումով ընդունելի չէ, դրա համար գրում եմ այս մի քանի մանրամասնությունը»
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված Դավիթ Գիշյանի հայրը՝ Բարսեղ Գիշյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տղաս վիրավորվել է ոչ թե հարձակման ժամանակ (ինչպես գրում են-Wiki), այլ մարտական դիրքից նահանջից հետո, որից հետո միայնակ վերադարձել է թշնամու կողմից վերահսկվող մարտական դիրք՝ հնարավոր վիրավորների հետևից։
Այդ ժամանակ էլ վիրավորվել է, վիրավոր վիճակում գերեվարվել, և ապա արյունաքամ կնքել իր մահկանցուն։ Վիրավորվելուց հետո էլ հայտնվել է ազերիների հայտնի վիդեոն հայ զինվորին օգնության մասին։
Վիրավոր, արյունաքամ վիճակում ապրել է 21 ժամ։ Այլ մանրամասների մասին չեմ ուզում խոսել։ Չեմ ուզում տղայիս մասին սխալ ինֆորմացիա տարածվի, նրա հիշատակի առումով ընդունելի չէ, դրա համար գրում եմ այս մի քանի մանրամասնությունը:
Երեկ իմացա, որ այդ մարտական դիրքը նորից մեր վերահսկողության տակ է։ Տղայիս մարտական դիրքի ընկերներից, ովքեր ցանկություն կունենան, հրավիրում եմ մեր տուն (գուցե ծառայության ավարտից հետո)՝ նրա կյանքի վերջին ժամերի մասին այլ մանրամասներ իմանալու ակնկալիքով։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս օրերին ցավակցել ու աջակցել են մեր ընտանիքին՝ իմ հարազատ նոյեմբերյանցիներ,քաղ․ ավիացիայի համակարգ, ԵՊՀ, հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմ, Էջմիածնի ուսումնական զորամասի հրամանատարություն և անձնակազմ, որտեղ Դավիթը ծառայել է 6 ամիս, հարևաններ, ընկերներ, հարազատներ, Դավիթի ընկերներ, առանձին անուններ, ովքեր անձամբ զանգել են, գրել․․․
Չեմ ուզում ոչ ոք զգա ընտանիքի զավակի և միակ տղա զավակի կորստի վիթխարի ցավը, որը մենք ենք զգում, չնայած գիտեմ նմանները շատ են։ Դավիթի 40-ը ամսի 29-ին է, ժամը 11,30-12-ին Եռաբլուր»։