Ինչի՞ համար. Ավագանու անդամները՝ Երևանի նոր թաղամասի անվանման մասին
Երևանի ավագանին քննարկեց քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի հ.320 հասցեի նոր կառուցվող թաղամասն անվանակոչելու մասին հարցը: Տեղի ունեցած քվեարկության արդյունքով նախագիծն ընդունվեց 31 կողմ, 5 դեմ, 4 ձեռնպահ ձայներով:
Նախագծում նշված է, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը և 17-րդ կետի 1-ին ենթակետը, Երևան քաղաքի ավագանին որոշում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի հ.320 հասցեի նոր կառուցվող թաղամասն անվանակոչել «Դեֆանս Հաուզինգ»։ Շինարարությունն իրականացվելու է երեք փուլով: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել 63 բազմահարկ բնակելի շենք՝ ընդարձակ կանաչապատ բակերով: Թաղամասում կկառուցվեն և կգործեն մի քանի մանկապարտեզ և դպրոց: Երկրորդ փուլով կկառուցվի բիզնես կենտրոն՝ 15 բազմահարկ շենքերով: Երրորդ փուլով նախատեսվում է կառուցել ևս մեկ բնակելի թաղամաս՝ 30 բնակելի շենքերով, և ժամանակակից չափանիշներին համապատասխանող, նորագույն սարքավորումներով հագեցած հիվանդանոց:
Ավագանու անդամներին ավելի շատ հետաքրքում էր նոր թաղամասի անվան հարցը:
Ավագանու անդամ Արման Անտոնյանը նշեց, որ Երևանում կառուցվում են տարբեր թաղամասեր՝ տարբեր անվանումներով, և հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախադեպ կա, որ ավագանին որոշի որևէ թաղամասի անվանում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը պատասխանեց, որ կա Վահագնի թաղամասը, փողոցները՝ ավագանու որոշմամբ են հաստատվել:
Ավագանու մեկ այլ անդամի՝ Տիգրան Գալստյանին ևս հետաքրքրում էր թաղամասի անունը. «Ինչո՞ւ նոր թաղամասը որևէ հայկական անունով չենք դնում: Էդքան պատմական անձինք կան, որևէ մեկի անունով հնարավոր չէ՞ր: Առաջարկ եղե՞լ է»:
Արմինե Վարդանյանն արձագանքեց՝ ընդգծելով, որ ներդրողները ֆրանսիացի են: «Սա ոնց որ հայ-ֆրանսիական բարեկամություն, և այլն: Ինչ-որ տեղ սիրաշահելու տարբերակ է, և թաղամասը նման է Ֆրանսիայի թաղամասին»:
«Հասկացա, որ ներդրողները ֆրանսիացի են: Կարծում եմ՝ կարիք չկար սիրաշահելու, կարծում եմ, որ անունը չէր, որ իրենց համար շատ էական էր լինելու»,- արձագանքեց Տիգրան Գալստյանը:
Ավագանու անդամներից Նաիրա Խառատյանն էլ նկատեց. «Դեֆանս՝ հրաշալի անուն է՝ հայերեն հնչող. Վահան: Թող լիներ Դեֆանս Արմենի… հայահունչ տարբերակ: Այսպես մենք նախադեպ ենք ստեղծում՝ հետագայում ցանկացած մունգու-յունգու ցեղի ներդրում՝ իրենց անունով կոչելու»:
Ավագանու մեկ այլ անդամ՝ Սերգեյ Գյոզալյանն էլ շարունակեց գործընկերոջ միտքը՝ նշելով. «Երևանի թաղամաս՝ ինչ-որ օտար անունով: Ինչի՞ համար: Կոչ եմ անում՝ նախագծին դեմ քվեարկել, ու վստահեցնում եմ՝ չեն նեղանա ու գնան, ներդրում անելու են»: