Ֆրեզնոյի բժշկական պատվիրակությունն այս տարի իր առաքելությունն ավարտեց Հայաստանում
Ֆրեզնոյի բժշկական պատվիրակությունն ավարտեց իր այս տարվա բարեգործական այցը Հայաստան: Խումբը Հայաստանում էր Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի նախաձեռնությամբ: Առաքելությունը Հայաստանում է արդեն յոթերորդ անգամ:
Ինչպես նախկինում, այս տարի ևս, ԱՄՆ տարբեր բուժհաստատությունների լավագույն մասնագետներով համալրված խումբը Հայաստան էր եկել Ֆրեզնոյում բժշկական առաքելության խորհրդի անդամ, ծրագրերի պատասխանատու Վաչե Վասիլյանի գլխավորությամբ:
«Սա մեր հերթական առաքելությունն էր հայրենիքում: Խմբի կազմում 32 տարբեր մասնագետներ էին: Ինչպես անցած տարի, այս տարի ևս հիմնականում կենտրոնացել էինք մեր հերոս զինվորների առողջական խնդիրների վրա: Հենց դրա համար այս տարի խմբի մեծ մասը՝ 14-ը, վերականգնողական բժշկությամբ զբաղվող մասնագետներ էին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վաչե Վասիլյանը՝ տեղեկացնելով, որ այս անգամ խումբն աշխատեց Արմավիրի, Լոռու ու Շիրակի մարզերում՝ չմոռանալով նաև սոցիալապես անապահով քաղաքացիներին:
«Բացի թերապևտիկ ծառայությունից, իրականացվել են նաև ակնաբուժական, ատամնաբուժական և այլ ծառայություններ: Մատուցվել են ինչպես խորհրդատվական, այնպես էլ վիրահատական ծառայություններ: Մի քանի բուժհաստատությունների էլ բժշկական սարքավորումներ ու դեղորայք ենք նվիրել: Մենք գիտեինք, որ այս անգամ, ավելի քան երբևէ, հայրենիքը մեր կարիքն ուներ»,- նշեց Վաչե Վասիլյանը:
Նա հավելեց, որ իրենց կարողությունների շրջանակում կփորձեն կրկին աջակցել Հայաստանին:
«Անշուշտ, մեր առաքելությունը կշարունակվի, արդեն հետ վերադառնալով Ֆրեզնո՝ կսկսենք ծրագրել հաջորդ այցը՝ որպես թիրախ ունենալով Հայաստանի բնակիչների կարիքները: Մենք Հայաստան ենք գալիս ոչ միայն օգնելու ու մեր ժողովրդի ցավերը կիսելու, այլ նաև օգտվելու՝ լիցքավորվելու հայրենիքում»,- խոստովանեց նա: