Պաշտոնական Ստեփանակերտը ձեռնպահ է մնում Փաշինյանի ելույթը և օգտագործված ձևակերպումները մեկնաբանելուց
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և ԼՂՀ-ում ապրող՝ Փաշինյանի ձևակերպմամբ՝ հայության անվտանգության մասին։
«Վերջին ագրեսիան տեղի է ունենում այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հումանիտար հետևանքները դեռ չեն լուծվել։ Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, տեղահանված բնակչության հոգեսոցիալական խնդիրները, հայ ռազմագերիների հայրենադարձությունը և մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը շարունակում են մնալ մեր կառավարության օրակարգում։
Ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել՝ որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետև կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով՝ Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29․800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հակառակ դեպքում մենք կունենանք ֆիկտիվ խաղաղության պայմանագիր, և դրանից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը՝ նոր տարածքային պահանջների և օկուպացիայի համար։
Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն»,- իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը՝ «Լեռնային Ղարաբաղի հայություն», բազմաթիվ քննադատությունների արժանացավ, քանի որ ԼՂ-ում ապրում է ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայություն, այլ՝ ժողովուրդ։
168.am-ը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց, թե պաշտոնական Ստեփանակերտն ինչպե՞ս կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի այդ ձևակերպումը։
«Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ում ունեցած ելույթը և օգտագործված ձևակերպումները մեկնաբանելուց ձեռնպահ կմնամ։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և իրացման անհրաժեշտությունը վերահաստատել է իր՝ 2022թ․ սեպտեմբերի 19-ի ուղերձում»,- կարճ մեկնաբանեց Լուսինե Ավանեսյանը։
Հիշեցնենք, սեպտեմբերի 19-ին Արցախի նախագահը ուղերձով դիմել էր ժողովրդին, որտեղ մասնավորապես նշել էր.
«Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, և դեռ պետք է կարգավորվի՝ առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Ինքնորոշման իրավունքն Արցախի ժողովրդին տրված է ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ փաստաթղթերով, այլև՝ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ փաստաթղթերով:
Ավելին, 44-օրյա պատերազմի հետևանքով անհիմն ու ժամանակավրեպ են դարձել հակամարտության կարգավորման հիմքում ընկած երեք սկզբունքներից երկուսը՝ տարածքային ամբողջականությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, իսկ ադրբեջանական ագրեսիան ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններն անառարկելիորեն ամրապնդել են մեր ինքնորոշման իրավունքի լրիվ ճանաչման ու պաշտպանության անհրաժեշտությունը՝ որպես և՛ միջազգային հանրության կողմից չիրականացված սկզբունք ու պարտավորություն, և՛ Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխիք: Հետևաբար, առիթն օգտագործելով՝ կուզեի հերթական անգամ հորդորել միջազգային հանրության դերակատարներին կատարել իրենց պարտավորությունները և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը:
Անընդունելի ու անհիմն են փորձերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի միջոցով ստվեր գցելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, քանի որ իրավունքը մշտապես գերակա է սկզբունքի հանդեպ»: