Ինչո՞վ է պայմանավորված Մոսկվա-Երևան ավիատոմսերի գնի բարձրացումը
Ռուսական և միջազգային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միակողմանի զորահավաքի մասին հայտարարությունից հետո չորեքշաբթի օրը Ռուսաստանից դուրս միակողմանի թռիչքների ավիատոմսերը թանկացան հատկապես դեպի Երևան և Ստամբուլ:
168.am-ը կապ էր հաստատել մի քանի ավիաընկերությունների հետ, որոնք տվեցին գրեթե նույն պարզաբանումը, այն է՝ ավիատոմսերի գինը բարձրացել է մեծ քանակի վաճառքով պայմանավորված: Ով նախապես է գնել՝ ավելի էժան է եղել, սակայն, հիմա, քանի որ և՛ Ռուսաստանի քաղաքացիներն են շատ գնում-գալիս, և՛ Հայաստանի քաղաքացիները, բնականաբար, մատչելի տեղերը սպառվել են, մնացել են բարձր գնով տեղերը:
Ասել է թե՝ էժան գին գոյություն ունի, բայց մոտ օրերի համար այլևս տեղեր չկան, տոմսերը վաճառված են: Ավիաընկերությունների ներկայացուցիչները փոխանցեցին՝ խնդիրն այն է, որ ուղևորները շատ են, նույն ինքնաթիռն ավելի շուտ է լցվում, ու դրա հաշվին գինը բարձրանում է՝ նույն էկոնոմ կարգով: Ըստ նրանց՝ այնպես չէ, որ բոլոր ուղղությունների դեպքում տոմսերը թանկացել են, օրինակ՝ Սոչիի, Միներալնիե Վոդիի դեպքում էժան տեղեր կան:
Հավելենք՝ եթե, օրինակ, մարտի երկրորդ կեսին Մոսկվա-Երևան չվերթը կազմել է 160.000 դրամ, ապա սեպտեմբերի 23-24-ի համար տոմսի արժեքը 291,862-414.595 դրամ է:
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ հանդես եկավ և հայտնեց նաև, որ մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել, հաղորդում են ռուսաստանյան բոլոր լրատվամիջոցները: «Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները»,- ասել է ՌԴ նախագահը: Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ էլ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ պարզաբանել է, որ ընդհանուր առմամբ զորակոչվելու է 300 հազար մարդ՝ մոբիլիզացիոն ռեսուրսի մոտ 1%-ը։