
Եթե անգամ երդվեն էլ, չհավատա՛ք. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարած «Զանգեզուրի միջանցքի» մասին
«Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կոմունիկացիաները պետք է կպնեն իրար, բայց TRIPP նախագիծը ՀՀ-ԱՄՆ երկկողմ քննարկման հարց է, և դրա տակ կա ոչ միայն ՀՀ վարչապետի, ոչ միայն ԱՄՆ նախագահի, այլև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»,- այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից Սյունիքով անցնելիք ճանապարհը «Զանգեզուրի միջանցք» անվանելու փաստին, ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ակնհայտ է, և ես հստակ ասում եմ, որ ՀՀ տարածքում չի կարող լինել ձեր անունով գոյություն ունեցող ենթակառուցվածք, բայց ես չեմ կարող բացառել նաև, որ այդ անունն Ադրբեջանում օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով այնքան պոպուլյար է դարձել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք, այդ թվում՝ այն ենթակառուցվածքներից, որը պետք է միանա, օրինակ, «Թրամփի ուղուն», անվանել ցանկացած անունով և ցանկանացած մարդու անունով, բայց դա ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ օրակարգի, ձեռք բերված պայմանավորվածությունների, առավել ևս՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ կապ չունի… Ձեր նշած տերմինը ՀՀ հետ որևէ կապ չունի: Եթե նույնիսկ երդվեն, որ ՀՀ հետ կապ ունի, չհավատաք, որովհետև երդումն էլ է սուբյեկտիվ…»,- ի պատասխան ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի հարցի՝ ասաց նա:
Արուսյակ Ջուլհակյանը փոքրիկ ճշգրտում արեց. «Դա իմ տերմինը չէր, այլ Ադրբեջանի նախագահի տերմինն էր, և այստեղ արձանագրենք, որ մերը TRIPP-ն է, մենք մեր TRIPP-ի տերն ենք»:
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ արձանագրում են, որ ունեն ստորագրված թուղթ. «Մնացածը լիրիկա է, սուբյեկտիվ իրականություն»:
Մանրամասները՝ տեսանյութում