58-ամյա տղամարդուն ծեծի ենթարկած քաղաքացին հայտնաբերվել է
Սեպտեմբերի լույս 12-ի գիշերը, ժամը 01.41-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տվեց 58-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ ժամեր առաջ Իսակովի պողոտայում տուժել է հանցագործությունից։ Մանսավորապես, մի տղամարդ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա հափշտակել էր 35 հազար դրամ, Հայաստանի և օտարերկրյա քաղաքացու անձնագրերն ու բջջային հեռախոսը:
Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին մի շարք միջոցառումներ։ Օպերատիվ աշխատանքի շնորհիվ պարզվեց արարքը կատարողի ինքնությունը, նաև գտնվելու վայրը։ Հաղորդումից ժամեր անց 43-ամյա տղամարդը հայտնաբերվեց Իսակովի պողոտայում, ձերբակալվեց և բերվեց բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմին՝ հարցաքննության:
Նախաքննությունը շարունակվում է։