Վեճի պատճառը գիշերվա ժամին բարձր խոսելն էր․․․
Սեպտեմբերի 11-ի գիշերը, ժամը 1.30-ին, ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում ստացվեց «Թալին» բժշկական կենտրոնից. կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել Թալին քաղաքի մի բնակիչ:
Հիվանդանոց մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր: Ձեռնարկվեցին անհետաձգելի գործողություններ, իսկ Թալինի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացան տվյալներ տեղի ունեցածի մասին, որոնք արագ ճշտվեցին:
Պարզվեց, որ կեսգիշերին Ոսկեթաս համայնքի կենտրոնում ծագել էր վեճ նույն գյուղի և Կարմրաշենի մի քանի բնակչի միջև. բոլորն էլ երիտասարդներ: Վեճի պատճառը գիշերվա ժամին բարձր խոսելն էր: Հաշտության հասնել չէր հաջողվել, և մոտ մեկ ժամ անց վեճը բորբոքվել էր արդեն Ակունք գյուղի ճանապարհի սկզբնամասում` նոր մասնակիցներով: Հենց այստեղ էլ երիտասարդներից մեկը իր մոտ եղած դանակով հարվածներ էր հասցրել տուժածին և դիմել փախուստի:
Ակունք գյուղի ճանապարհի երթևեկելի մասում զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, իսկ ճանապարհի ձախ հատվածում գտնվել է հանցագործության գործիքը:
Ձեռնարկված հետագա միջոցառումների, այդ թվում՝ բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը, ժամը 16-ին, դանակահարողը եկել է ոստիկանության Թալինի բաժին ու ներկայացվել նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: