Ի՞նչ է թաքցնում Երևանը և ինչո՞ւ. կարևոր դիվանագիտական նրբություն

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հարձակումն ուղեկցվում է տարածաշրջանի նկատմամբ աննախադեպ դիվանագիտական ուշադրությամբ ու արձագանքներով:

Որքան ուշագրավ են միջազգային կառույցների, ՀՀ գործընկեր երկրների արձագանքները, այնքան էլ հայկական կողմի դիվանագիտական ձևակերպումները, որոնք ռեգիոնալ աշխարհաքաղաքականության առումով ուշագրավ ելևէջներ են պարունակում:

Ինչպես հայտնի է, կեսգիշերից սկսած Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Իր հերթին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ, ինչպես նաև այսօր ՀՀ ԱԳՆ-ում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Մինչ այս պահը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Ադրբեջանի նախաձեռնած ռազմագործողությունների վերաբերյալ հայտարարություններ են տարածել ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն՝ մի քանի մակարդակով, ՆԱՏՕ-ն, ԻԻՀ-ն, ՀԱՊԿ-ը:

Հատկանշական է, որ չկա հասցեական որևէ հայտարարություն, կոչ Ադրբեջանին՝ դադարեցնելու ռազմական գործողությունները և վերադառնալու ելման դիրքեր այն դեպքում, երբ խոսքը ՀՀ տարածքի մասին է, բոլոր հայտարարություններում կոչեր են ուղղված կողմերին՝ Երևանին և Բաքվին: Միայն Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարության մեջ հստակություն կար.

«Շատ անհանգստացած եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների կապակցությամբ»:

ՀՀ պաշտոնական բոլոր հաղորդագրություններում մի օրինաչափություն է նկատվում. երկկողմ շփումների, այս դեպքում՝ հեռախոսազրույցների մասին պաշտոնական բոլոր հաղորդագրություններում ներկայացվում է զրուցակից պաշտոնյայի կարծիքը, գնահատականը իրավիճակի վերաբերյալ, բացի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից ու ՀԱՊԿ պաշտոնյա Վալերի Սեմերիկովից:

Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրությունում, բացի Նիկոլ Փաշինյանի խոսքից, ներկայացված է, որ նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:

Փաշինյան-Բլինքեն հաղորդագրությունում նշվում է. «Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել՝ ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»:

Փաշինյան-Միշել հաղորդագրությունում նշվում է. «Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի, և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար»: Իսկ Ռայիսին, ըստ հայկական կողմի հաղորդագրության, նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է, և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին: «ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, և պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է:

Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար»,- ասված է հայտարարությունում:

Չնայած ՌԴ ԱԳՆ-ն, ՀԱՊԿ-ը տարածել են հաղորդագրություններ, միայն հայ-ռուսական պաշտոնական շփումների տեքստերում չկա ՌԴ վերաբերմունքը տեղի ունեցողի վերաբերյալ՝ թեկուզ չեզոք ու անհասցե, ինչպես գրեթե բոլոր այլ գործիչների հեռախոսազրույցների դեպքում:

Նորություն չի լինի, եթե նշենք, որ ՌԴ-ն ևս չի անում հասցեական հայտարարություններ՝ լինելով ՀՀ անվտանգության երաշխավորը և ՀՀ ՀԱՊԿ գործընկերը, փորձելով պահպանել հայկական կողմի համար անհասկանալի հավասարակշռություն ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև՝ նույնիսկ ադրբեջանական ագրեսիայի դեպքում: Սակայն հանգամանքը, որ ՀՀ պաշտոնական ձևակերպումներում կա միայն ՀՀ դիրքորոշում, մեղմ ասած, տարօրինակ դիվանագիտական «պահվածք» է, որով փորձ է արվում ընդգծել ՌԴ չեզոք և իբրև թե անտարբեր դիրքորոշումը:

Այս դեպքում մի շարք հարցեր են առաջանում՝ իրականում Մոսկվան իսկապե՞ս այդքան անտարբեր է, ինչպե՞ս են անցնում հայ-ռուսական հեռախոսազրույցները, ՌԴ պաշտոնյաներն իսկապես հեռախոսազրույցների ընթացքում դիրքորոշում չեն հայտնում, թե՞ Երևանն է թաքցնում ու ի՞նչ նպատակով:

Եվ այս ֆոնին ինչո՞ւ է Երևանը շահագրգիռ ներկայացնել Արևմուտքին և արևմտյան երկրներին` որպես աջակցող, մտահոգ գործընկերներ, իսկ ՌԴ-ին՝ ոչ, այն դեպքում, երբ օրերս Վլադիվոստոկում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություններ ու գովեստի խոսքեր էր ձոնում Վլադիմիր Պուտինին:

Թերևս, հարցեր են, որոնց համար իշխանությունները հրապարակային պատասխան չեն ունենա:

Տեսանյութեր

Լրահոս