Վանաձորի երեք բնակիչ մետաղյա դետալներ էին ապամոնտաժում և գողանում
Ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Վանաձորի երեք բնակիչ մետաղական կոնստրուկցիաներ են ապամոնտաժում և գողանում:
Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Բազումի բաժնի ոստիկանները սեպտեմբերի 5-ին Նաիրիի փողոցի վերջնամասում կանգնեցել են առանց համարանիշի «ՈւԱԶ» ավտոմեքենա, որը բեռնված էր մետաղյա կոնստրուկցիաներով: 46-ամյա վարորդը, 22-ամյա և 29-ամյա ուղևորները հրավիրվել են Բազումի բաժին:
Նրանք հայտնել են, որ մետաղական կոնստրուկցիաները գազաեռակցվող սարքի միջոցով ապամոնտաժել ու գողացել են «Հուշարձան» կոչվող տարածքի մետաղական կոնստրուկցիաներից և պատրաստվում էին հանձնել Վանաձոր քաղաքի մետաղի ընդունման կետերից մեկը: Հայտնել են նաև, որ նշված տարածքից ապամոնտաժել և մետաղական դետալներ են գողացել նաև հուլիս ամսվա տարբեր օրերի, իսկ գողոնը հանձնել են մետաղի ընդունման կետ:
Վանաձորցի երեք տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: