Աղջոց վանք՝ կառուցելու և վերակառուցելու ժամանակը

ՀՀ Արարատի մարզում գտնվող Աղջոց վանքը, որը միջնադարյան Հայաստանի գոհարներից մեկն է, անմխիթար վիճակում է։ 13-րդ դարի վանական համալիրը, որն իր վրա է կրել բնության և պատմական դժվար անցյալի բազում հարվածներ, այսօր փլուզման վտանգի առջև է կանգնած։

Խնդիրը օրերս կրկին բարձրաձայնել է հասարակական գործիչ Զինավոր Մեղրյանը. վերջինս, անդրադառնալով վանական համալիրի ներկայիս վիճակին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Աղջոց վանքի Պողոս-Պետրոս եկեղեցու մուտքի աջ և ձախ կողմերում երկու առաքյալների բարձրաքանդակներն են։ Հրաշալի պահպանված արվեստի գործ, որն ինձ մտորելու շատ մեծ նյութ տվեց։ Երբ կանգնում ես այդ քանդակների առջև, տպավորություն է, թե հենց այստեղ է գտնվում Հայաստանի մուտքը։ Հոգևոր Հայաստանի մուտքը։ Այո՛ ավիրված, այո՛ խոնարհված, բայց նաև շատ հարուստ, շքեղ, խորիմաստ ու խոստումնալից»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զինավոր Մեղրյանի նախաձեռնությամբ լրագրողների խումբն այցելել է Խոսրովի պետական արգելոցում գտնվող Աղջոց վանք։ Ավանդույթի համաձայն՝ Աղջոց վանքի կառուցումը եղել է Գրիգոր Լուսավորչի մտահղացումն ու կյանքի է կոչվել նրա նախաձեռնությամբ: Այս վանքը բազմիցս հիշատակվում է Հայսմավուրքներում՝ ծիսամատյաններում, ուր հավաքագրվում և ներկայացվում էր սրբերի կյանքն ու նահատակությունը:

Գրիգոր Խլաթեցու հեղինակած Հայսմավուրքում ներկայացվում է, թե երեք քահանաներ, ովքեր դարձել էին փախստական, գալիս են Գառնի: Նրանցից մեկը՝ Ստեփանոս քահանան, անցնում է Գառնիի լեռներն ու այնտեղ, մեզ անհայտ պատճառներով, մահանում: Մյուս քահանան՝ Գրիգորը, այդտեղ կառուցում է վանք՝ ի հիշատակ քահանա Ստեփանոսի, և ըստ ավանդույթի՝ այդ օրվանից ի վեր վանքը կոչում են Աղջոց: Վանքը հայտնի է եղել նաև «Սբ. Ստեփանոս Աղջոց վանք», «Սբ. Ստեփանոս Սբ. Գրիգոր վանք» անուններով:

Աղջոց վանական համալիրը Զինավոր Մեղրյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել վաղուց, երբ արշավական է եղել ու զբաղվել սկաուտական աշխատանքով։

«Վերջին շրջանում անընդհատ գալիս եմ այդ գաղափարին, որ կա կառուցելու և կա վերակառուցելու ժամանակ։ Անընդհատ մի միտք կար մեջս, որ մեր հայրենիքի համար հիմա մի շրջան է եկել, երբ ժամանակն է դադար վերցնել, մեր ժանգոտած զենքերը վերանորոգել, վերականգնել, վերաիմաստավորել՝ և՛ հոգևոր, և՛ նյութական, և՛ գաղափարական տեսակետից։ Մեր հայրենիքի, ժողովրդի համար հիմա մի պահ կանգնելու, մեր հաղթական անցյալը վերաիմաստավորելու և այդ անցյալից մեզ հասած ժառանգությունը վերականգնելու ժամանակն է»,- Աղջոց վանական համալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Զինավոր Մեղրյանը։

Հասարակական գործիչն այլընտրանք չի տեսնում՝ վանական համալիրը պետք է վերականգնվի. Նրա խոսքով՝ իրավունք չունենք կորցնել անցյալից մեզ հասած այս հարուստ պատմական, մշակութային, հոգևոր ժառանգությունը։

«Ժամանակի հրաշակերտ կառույցին մի հայացք նետելով՝ ակնհայտ է դառնում՝ բարդ ու դժվար աշխատանք է, բայց ցանկության ու ներդրումների դեպքում՝ իրականանալի»,- նկատեց Զինավոր Մեղրյանը։

Տեսանյութեր

Լրահոս