Պետք է դուրս շպրտել այս իշխանություններին՝ կանգնեցնելու հետագա ողբերգությունն ու կորուստները. Տիգրան Աբրահամյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է:
Հաղորդումը տեսագրել ենք այսօր վաղ առավոտյան: Տիգրան Աբրահամյանի կանխատեսումները, ցավոք, ժամերի ընթացքում հաստատվեցին: Տեսագրությունից ժամեր անց Արցախի ՊԲ-ն պաշտոնական մի քանի հաղորդագրություններ տարածեց հայկական կողմից ընդհանուր թվով 14 վիրավոր զինծառայողների և 2 զոհի մասին (Ժամը 18։20–ի դրությամբ):
Այս ընթացքում շփման գծում լարվածությունը պահպանվում է, ՀՀ իշխանությունները դեռ լռում են, փոխարենը՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան գրառմամբ գուժում էր՝ «Բերձորի վրա Հայաստանը որևէ իրավասություն չունի»: Թերևս, Ստյոպա Սաֆարյանի տեղեկությունն այնքան ստույգ էր, որ այն անմիջապես հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» կայքէջը:
Տիգրան Աբրահամյանը հարցազրույցում նշել է.
- Արժեհամակարգային և բարոյականության պայքարը մեր ժողովրդին ուղեկցել է բոլոր ժամանակներում:
- Մենք սխալվել ենք այն ժամանակ, երբ այսպիսի արժեհամակարգ կրող ուժերը եկել են իշխանության:
- Այսպիսի գաղափարներով, արժեհամակարգով առաջնորդվող իշխանության պարագայում մենք ոչ միայն Արցախը, այլ նույնիսկ Հայաստանը փրկելու հնարավորություն չենք ունենա:
- 2018-ին մեր ժողովուրդն արտաքին ուժերի ահռելի ազդեցության ներքո իշխանության բերեց այս ուժին, իսկ հիմա մեր երկրի ներքին ուժերի միջոցով պետք է գնալ բարոյականության և արժեհամակարգային փոփոխությունների:
- Մենք հասել ենք մի կետի, երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին մնալով, անգամ, եթե չցանկանա, պարտադրված է լինելու, անընդհատ նոր ողբերգություններ է բերելու, նոր զիջումների է գնալու:
- Ադրբեջանի նպատակն է՝ ճնշումները մեծացնելով՝ հասնել Հայաստանի տարածքով միջանցք ստանալուն:
- Լայնածավալ պատերազմի հավանականությունը քիչ է, բայց ես տեսնում եմ մեծ ռիսկ տեղային ռազմական գործողությունների համար:
- Մեր հանրության մի հատվածը քաղաքական տրավմայի է ենթարկվել և չի կողմնորոշվում՝ ինչպես շարժվել, այդ թվում՝ արտաքին տարբեր ուժերի ներգործության պայմաններում:
- Մեր ժողովրդի մեջ գոյություն ունեցող այն բոլոր ուժերը, որոնք գիտակցում են, թե ուր է գլորվում երկիրը, պետք է մի կողմ դնեն սեփական ամբիցիաները, սեփական եսը, միմյանց միջև եղած կոնֆլիկտներն ու հակասությունները, միավորվեն ու առաջ գնան, հակառակ դեպքում, եթե ստեղծված իրավիճակի ճեղքում չեղավ, առաջ չեն գնա ու չի լինի ո՛չ Արցախ, ո՛չ Հայաստան:
- Մենք ունենք կարևոր խնդիր՝ դուրս շպրտել այս իշխանություններին, առանց դրա ոչ մի ուրիշ խնդիր լուծել չենք կարող:
- Այսպիսի որակի իշխանությունը ցանկացած թշնամական երկրի համար ուղղակի նվեր է:
- Հայաստանում գործում է մի իշխանություն, որը պատրաստ է ցանկացած զիջումների, միայն թե պահի սեփական իշխանությունը:
- Հայաստանը շարունակում է զիջել նույնիսկ այնպիսի հարցերում, որոնք ամրագրված չեն եղել հետպատերազմյան բոլոր փաստաթղթերում:
- Վերլուծելով ադրբեջանական ռազմաքաղաքական լրահոսը, հունիսի երկրորդ կեսից և ամբողջ հուլիս ամսվա ընթացքում պաշտոնական Բաքվի հռետորաբանությունը, հայկական կողմից հրադադարի խախտումների մասին կեղծ տեղեկությունները, եզրահանգում ենք՝ Ադրբեջանը պատրաստվում է որոշակի գործողությունների:
- Օգոստոսի 1-ի դրությամբ Արցախում մնացել էին վերջին զորակոչով ծառայող զինվորներ, որոնք այս ամսվա ընթացքում արդեն պետք է զորացրվեին, սակայն Ադրբեջանը պարտադրեց, ստորացուցիչ պայման դրեց Հայաստանի առջև՝ ժամանակից շուտ դուրս գալ Արցախից:
- Ադրբեջանի դրած երկրորդ ստորացուցիչ պայմանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի 6-րդ կետում ամրագրված Լաչինի միջանցքին է վերաբերում: Ըստ այդ կետի՝ «Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»: Ստացվում է, որ իշխանություններին պարտադրել են ոչ միայն հաստատել նշված նախագիծը, այլ նաև տալ ճանապարհի շինարարությունը սկսելու համաձայնությունը: Հայաստանյան հատվածում ոչ մի աշխատանք չի կատարվել, մոտ 31 կմ ճանապարհը գրունտային է, և մեր քաղաքացիներն արդեն օգոստոսից պետք է տեղափոխվեին այդ գրունտային ճանապարհով:
- Ադրբեջանը մինչև վերջ ստորացնում է ՀՀ իշխանություններին՝ հետագա գործընթացների համար նոր պահանջներ դնելու և դրանք նորից իրացնելու նպատակով:
- Ադրբեջանական կողմի ուժային միջոցներով ճնշումների նպատակը Հայաստանի տարածքում միջանցք բացելն է:
- Ադրբեջանը պահանջելու և ստանալու է այնքան, ինչքան այս իշխանությունները պատրաստ են տալ:
- Այն պահանջը, ինչ դրել է Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների առաջ, հիմա շատ արագ կյանքի կոչելու ճանապարհին է. լարվածությունը կշարունակվի այնքան, քանի դեռ այս իշխանությունը վերջնականապես չի կատարել նրանց բոլոր պահանջները:
- Այս իշխանությունը կարծես խնդիր չունի տարբեր զիջումների, տարածքներ հանձնելու հետ, նախապես պայմանավորվածության համաձայն խաղաղ հանձնելու փոխարեն՝ փոքր մարտական գործողություններով են հանձնում:
- Մեր խնդիրն է՝ կանխել կուլիսային պայմանավորվածությունները:
- Ադրբեջանն ունի ճանապարհային քարտեզ, հստակ ծրագիր առաջիկա 5-10 տարիների համար՝ Արցախն ամբողջությամբ հայաթափել:
- Արցախը կորցնելով՝ Հայաստանը շատ ավելի անպաշտպան կդառնա, քան կարելի էր պատկերացնել 3 տարի առաջ:
- Եթե մենք չունենանք հզոր Արցախ, հզոր Հայաստան, մարտունակ զինուժ, պարզ է, թե մեզ ինչ է սպասվում՝ երկիրը տանել անկման:
- Փաշինյանը փորձում է մարդկանց համոզել, թե ինքը խաղաղություն է բերելու, խաղաղության դարաշրջան է բացելու, այնինչ իրականում ինքը սպասարկում է ադրբեջանական օրակարգը:
- Գործընթացը պետք է կանգնեցնել, հակառակ դեպքում, նույնիսկ Երևանում ապրող մարդն անվտանգ չի զգա իրեն:
- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանատվություն է կրելու 44-օրյա պատերազմի համար, պատերազմից հետո Արցախում կատարվածի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի համար:
- Արայիկ Հարությունյանը, մյուս բոլորը լինելու են Նիկոլի կողքին՝ ճակատին կրելով այդ խարանը:
- Իշխանությունների համար կարևորը ոչ թե գերիներին վերադարձնելն է, այլ այն, թե դա ինչ ազդեցություն կունենա սեփական իշխանությունը պահելու վրա:
- Իրավապաշտպանների հավաքած փաստերը վկայում են, որ թվով 119 հայ գերի է պահվում Ադրբեջանում, բայց Փաշինյանն ու Ադրբեջանի իշխանությունները՝ Ալիևը, 3 անգամ պակաս թիվ են ասում, որովհետև ճշմարտությունը ասելով՝ կվնասեն սեփական իշխանությանը:
- Նիկոլ Փաշինյանը դեմ է գնում պետությանը, սեփական քաղաքացիներին, որ չվնասի սեփական շահերին և իշխանություններին: