Երեք անձ կալանավորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ուրիշի գույքը վնասելու և թմրամիջոցների՝ իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2022թ.  հուլիսի 29-ին ստացվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողի զեկուցագիրը՝ Մեղրի քաղաքում մի խումբ անձանց կողմից իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաք շարժվելու վերաբերյալ:

Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով 2022թ. հուլիսի 29-ին՝ ժամը 04:30-ին, Կապան քաղաքի գազալցակայանում ոստիկանության ծառայողները, օրենքով սահմանված կարգով, հիշյալ տրանսպորտային միջոցի վարորդից պահանջել են դադարեցնել ավտոմեքենայի ընթացքը: Վերջինս, չենթարկվելով իրավապահների կողմից ներկայացված պահանջին, փախուստի դիմելու նպատակով, շարունակել է մեքենայի ընթացքը և բախվել ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Լադա-Նիվա» մակնիշի տրանսպորտային միջոցին, ապա՝ Ոստիկանության ծառայողի կողմից վարած «Օպել Աստրա», այնուհետև՝ գազալցակայանում կայանված «Մերսեդես» մակնիշի  ավտոմեքենաներին, ինչից հետո «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները ոստիկանության ծառայողների կողմից դուրս են բերվել, որի ընթացքում վարորդը կրկին փորձել է փախուստի դիմել, սակայն բախվել է գազալցակայանի պատին:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ երեք անձինք ձերբակալվել են:

Վարութային և քննչական գործողությունների ընթացքում «ԳԱԶ-24» մակնիշի տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 500գ «ափիոն»  և  455գ «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ, նշանակվել են դատաապրանքագիտական, դատաքիմիական, նարկոլոգիական, քրեագիտական, տոկսիկոքիմիական փորձաքննություններ։

Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումների հիման վրա նշված անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս