Բաժիններ՝

Սոնա Մնացականյանի գործով լրացուցիչ փորձաքննությունն ավարտական փուլում է, շատ հարցերի պատասխաններ կստացվեն. Րաֆֆի Ասլանյան

Այս տարվա ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի կողմից մահվան ելքով վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ողբերգական ավտոպատահարի զոհի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը: Նրա խոսքով՝ լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել:

«Շարասյան ղեկավարի, խաչմերուկը կարգավորող ոստիկանի գործողությունների գնահատման մասով փորձագիտական եզրակացություններ պետք է տրվեն, հետիոտնի գործողությունների մասով դարձյալ հարցադրում է արվել»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Ըստ նրա՝ փորձաքննությունն ավարտական փուլում է, և հավանաբար մի քանի օրերի ընթացքում փորձագիտական եզրակացությունն արդեն պատրաստ կլինի:

Կարդացեք նաև

«Ստանան, կծանոթացնեն, կտեսնենք: Կախված դրանց արդյունքներից՝ պարզ կլինեն մեր հետագա գործողությունները»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք՝ Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանն ազատության մեջ է: Դատարանը չկալանավորեց Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ՃՈ գումարտակի հրամանատարին, նա ազատության մեջ է:

168.am-ի հետ զրույցում Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը, ավելի վաղ նշել էր, որ գործով որոշ ապացույցներ ոչնչացվել են: Իսկ Րաֆֆի Ասլանյանը նկատել էր՝ գործի համար առանցքային, էական նշանակություն ունեցող, առանձին անձանց արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու համար կարևոր նշանակություն ունեցող ապացույց է ոչնչացվել:

Նա նաև նկատել էր՝ տուժող կողմն այս պահին գործի քննության ընթացքը հաշվի առնելով՝ դժգոհ է, որ վարորդն արգելանքի տակ չէ, և վստահ է, որ վարորդին չկալանավորելը պայմանավորված է գործի բնույթով ու ակնհայտ կանխակալ վերաբերմունքի արդյունք է հանդիսանում:

Սոնա Մնացականյանի հայրը նաև նշել էր, որ անհրաժեշտության դեպքում կմիջնորդեն նաև, որ հարցաքննեն Նիկոլ Փաշինյանին:

«Հուսով եմ, ամեն դեպքում, որ վարորդը և, ինչո՞ւ միայն վարորդը, այլ մեղավորներ ևս, իրենց պատիժը կստանան»,- ասել էր Մնացական Մնացականյանը:

Հիշեցնենք նաև, որ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները նամակ էին հղել ՀՀ Ազգային ժողովին՝ խնդրելով այս գործով արդարադատության ապահովում:

Տեսանյութեր

Լրահոս