Բաժիններ՝

Բունդեսթագի պատգամավորները Սոնա Մնացականյանի գործով արդարադատություն են ակնկալում

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի անունով բաց նամակ են հղել ՀՀ Ազգային ժողովին, որում խնդրել են արդար դատաքննություն ապահովել Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան վերաբերյալ հարուցված քրեական գործով:

«Հայ համայնքի ու լրատվական հաղորդումների միջոցով տեղեկացանք ՀՀ 28-ամյա հղի քաղաքացի Սոնա Մնացականյանի դեպքի մասին, ով մահացել է 2022 թ. ապրիլի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ պատահարի հետևանքով:

Հաշվի առնելով երիտասարդ կնոջ ողբերգական մահը, կնոջ, ով պայքարել է հանուն հավասար իրավունքների, հանուն կանանց առաջխաղացման և Հայաստանի քաղաքացիական հասարակության հզորացման, մենք՝ Գերմանիայի Խորհրդարանի  ներքոստորագրյալ անդամներս, գրում ենք Ձեզ՝ ՀՀ ԱԺ մեր գործընկերներին,  Ձեր ուշադրությունն այս դեպքի վրա ուղղելու նպատակով: Մենք խնդրում ենք ուշադիր հետևել գործին Սոնա Մնացականյանի և նրա ընտանիքի համար   արդարադատություն ապահովելու համար:

Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության համակեցության անկյունաքարերից մեկը, որին Հայաստանը ձգտում է, և որը Սոնա Մնացականյանը պաշտպանել է իր ողջ կյանքի ընթացքում, օրենքի գերակայությունն է, որի առջև բոլոր մարդիկ  հավասար են, անկախ նրանց կոչումից և պաշտոնից: Ուստի լիահույս ենք, որ Սոնա Մնացականյանի գործը համապատասխանաբար կհանգուցալուծվի դատավարությամբ՝ օրենքի գերակայության ներքո, և արդարադատությունը հնարավոր կլինի իրականացնել հնարավոր հանցագործների նկատմամբ»,- գրված է Բունդեսթագի 7 պատգամավորների կողմից ստորագրված բաց նամակում:

Հիշեցնենք, որ ս/թ ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանին նախ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, մերժեց կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի գլխավոր դատախազի միջնորդությունը, ապա Վերաքննիչ դատարանը՝ Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց դատախազության բերած բողոքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս