«Նման պատահականությունների չեմ հավատում». Ալեքսանդր Իսկանդարյան
«Ռուսաստանին Ղարաբաղյան գործընթացներից դուրս բերել հնարավոր չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության ռուսական և արևմտյան բանակցային հարթակներին:
Նա նշեց, որ պատերազմը, որն ընթանում է Ուկրաինայում, ավելի լայն է, քան պարզապես պատերազմն Ուկրաինայում․ սա հակամարտություն է Ռուսաստանի և Արևմուտքի միջև:
«Ռուսաստանը շատ զբաղված է այս հակամարտությամբ և, մեղմ ասած, Ղարաբաղի համար ժամանակ չկա: Ռուսաստանի ներկայիս միտքը կարելի է բնորոշել stand by տերմինով, որն ընդունված է ծրագրավորողների շրջանում։ Այսինքն՝ հնարավորինս քիչ ռիսկեր այստեղ․ սա վերաբերում է ոչ միայն մեզ, այլև Կենտրոնական Ասիային, Բելառուսին, որպեսզի քիչ թե շատ պահպանվի առկա իրավիճակը: Մենք ապրում ենք չավարտված գործընթացի մեջ, նկատի ունեմ ուկրաինական պատերազմը, և չափազանց բարդ է այս իրավիճակում կանխատեսումներ անել: Երբ ավարտվի, հնարավոր կլինի: Եվրոպան ևս փորձում է հարթակ առաջարկել, իսկ դա հասկանալի է, վատ չէ, որքան շատ հարթակներ, որքան տարբեր, կարծում եմ՝ վատ չէ: Եվրոպան չի կարող փոխարինել ռուսներին այն պարզ պատճառով, որ եվրոպացիներն առաջարկում են իրենց դերակատարությունը, որպես միջնորդ, իսկ ռուսները միջնորդ չեն, խաղացող են: Ռուսաստանը երկիր է, որն առաջինը՝ վաճառում է սպառազինություն Հայաստանին և Ադրբեջանին: Սա մի երկիր է, ում զինծառայողները գտնվում են այս ռեգիոնում, անվանում ենք խաղաղապահներ, բայց միևնույն է՝ զինվորականներ են, Հայաստանում՝ ևս: Սա երկիր է, որը սկզբունքորեն ավելի շատ հնարավորություններ ունի ազդելու և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ: Նրանք Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունեն, Հայաստանի հետ չկա, բայց Հայաստանի նկատմամբ ազդելու եղանակները շատ են: Հետևաբար՝ եվրոպական ձևաչափը ռուսական ձևաչափին փոխարինել չի կարող: Բայց եթե կարող է լրացնել, վատ չի լինի, սակայն դա ևս շատ բարդ է անել, քանի որ ռուսների և արևմտյանների աշխատանքը չի հաջողվում նույն ուկրաինական պատերազմի պատճառով»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանին Ղարաբաղյան գործընթացներից դուրս բերել հնարավոր չէ, Ռուսաստանը որևէ գործընթացից որևէ տեղ դուրս չի գա:
«Ավելին՝ եթե Ռուսաստանը որոշի, որ պետք է ինչ-որ մեկին դուրս նետել, ապա նա դրա համար ավելի շատ գործիքակազմ ունի, քան եվրոպացիները»,- նկատեց «Կովկաս» ինստիտուտի տնօրենը:
Խոսելով Հայաստանի համար Ադրբեջան-ԵՄ էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագրի և դրա հետևանքների մասին, Իսկանդարյանն ասաց, որ Ադրբեջանը չի կարող դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարման հարցում Ռուսաստանին փոխարինել, այն ծավալը, որն արտադրում են Ռուսաստանն ու Ադրբեջանը, անհամեմատելի են․ Ադրբեջանը չի կարող փոխարինող լինել:
«Սակայն Եվրոպան փորձում է աշխատել, որպեսզի գտնի մի շարք երկրներ՝ Ալժիրից մինչև Ադրբեջան, որոնք կարող են մի փոքր թուլացնել այն ճգնաժամը, որը սպառնում է Եվրոպային: Իսկ ճգնաժամը լրջագույն է: Երբ գերմանական թերթերում գրում են, որ պետք է «պլեդ գնել ու տաք հագուստ», քանի որ ձմռանը ցուրտ է լինելու, դա կատակ բան չէ»,- ասաց Իսկանդարյանը:
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի կշիռն աճում է, ու հետևաբար՝ նաև Ադրբեջանի խաղադրույքներն են մեծանում, և այս ֆոնին Հայաստանը պետք է ակտիվ աշխատի, սուբյեկտայնությունը բարձրացնի:
Խոսելով ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի և ՌԴ ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինի ՀՀ կատարած այցերի մասին՝ Իսկանդարյանն ասաց, որ նման պատահականությունների չի հավատում:
Նա հիշեցրեց նաև ԻԻՀ ԱԱԳԽՔ Ալի Շամխանիի այցը Հայաստան:
Իսկանդարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Բըրնսն աշխատել է Մոսկվայի դեպսանատանը, նա հիանալի տիրապետում է ռուսերենին, նա գիտի արաբերեն, լավ հասկանում է մերձավորարևելյան գործերից, մասնավորապես՝ Իրանից, և նա դրա մասնագետն է:
«Ես ուշադրություն կհրավիրեի նաև այն հանգամանքի վրա, որ պարոն Բըրնսը ռուսների մոտ սև ցուցակում է, այսինքն՝ նա չի կարող գնալ Ռուսաստան․ չափազանց հետաքրքիր է, թե որտեղից նա եկավ ու ուր մեկնեց: Ի՞նչ այց էր սա, էլ ո՞ւր գնաց պարոն Բըրնսը, ինչո՞ւ արտահոսքը եղավ հենց մեզ մոտ: Այսինքն՝ այս ամենն ինձ տանում է այն մտքին, որ այս այցերի պատճառը կարող է փոխկապակցված լինել: Բայց ես չեմ կարծում նաև, որ ուղիղ կերպով են կապված»,- ասաց Իսկանդարյանը: Նա նշեց, որ Հայաստանը հարմար վայր է ներկայումս, որի հարթակում կարող են տեղի ունենալ նման հանդիպումներ ու այցեր:
«Էլ որտե՞ղ, հասկանալի է, որ ո՛չ Ուկրաինա, ո՛չ Բելառուս, հասկանալի է, որ ո՛չ էլ Մոլդովայում»,- նկատեց նա:
Իսկանդարյանը գտնում է, որ նման հաղորդակցություններ հնարավոր չեն նաև Թբիլիսիում, Ադրբեջանում և Միջին Ասիայում։
Մանրամասներ՝ տեսանյութում