«ՔՊ 66 պատգամավոր սկսել է Փաշինյանին պաշտոնազրկելու գործընթաց». Էդգար Ղազարյան

«Փաստացի, այն, ինչ հիմա տեղի է ունենում պառլամենտում, իրավական իմաստով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթաց է, որը սկսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այսինքն՝ փաստացի ՔՊ 66 պատգամավոր միացել է ընդդիմությանը և սկսել Փաշինյանին պաշտոնազրկելու ֆորմալ գործընթաց»,-  168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Համախմբում» շարժման անդամ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

«ՔՊ-ի 66 պատգամավորներ քվեարկեցին և պաշտոնազրկեցին Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին: Նրանք այն պաշտոնյաներն էին, որոնք ԱԺ-ում իրենց պաշտոններում ընտրվել էին ողջ ԱԺ-ի քվեարկության արդյունքում: Եթե Ալեն Սիմոնյանը, Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ և փոխնախագահներ էին ընտրվել միայն ՔՊ-ի պատգամավորների քվեարկության արդյունքում, ապա Իշխան Սաղաթելյանի թեկնածության օգտին կողմ էին քվեարկել պատգամավորներ բոլոր խմբակցություններից:

Ստացվում է, որ Իշխան Սաղաթելյանին ընտրել է ԱԺ-ն, իսկ մյուսներին՝ միայն ՔՊ խմբակցությունը: Հիմա ՔՊ խմբակցությունը միայն իրենք որոշում են կայացրել և պաշտոնազրկել են ԱԺ-ի կողմից ընտրված ԱԺ փոխնախագահին:

Ընդ որում, այն, որ Իշխան Սաղաթելյանը կամ ընդդիմադիր որևէ այլ գործիչ պետք է լիներ ԱԺ փոխնախագահ, դա ՔՊ-ի բարի կամքի կամ բարեգործության արդյունք չէր, դա ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջ է: Հիմա, եթե իշխանությունը պաշտոնազրկում է ընտրված պաշտոնյային, որն այդ պաշտոնը զբաղեցրել է իրավունքի ուժով, նշանակում է՝ խախտվել է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը, իսկ ԱԺ գործունեությունը կարգավորվում է հենց այդ սահմանադրական օրենքով:

Հիմա, եթե խախտվել է ԱԺ գործունեությունը կարգավորող սահմանադրական օրենքը, նշանակում է՝ կասկածի տակ է ԱԺ լեգիտիմությունը: Իսկ խորհրդարանական երկրում ԱԺ-ն միակ մարմինն է, որը ձևավորվում է համապետական ընտրությունների արդյունքում»,- պարզաբանեց նա՝ ընդգծելով, որ եթե պառլամենտը ոչ լեգիտիմ է, ապա հարց է առաջանում՝ ո՞ւմ է հաշվետու կառավարությունը:

«Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ևս դառնում է ոչ լեգիտիմ և, ըստ էության, օդի մեջ պաշտոնյա»,- շեշտեց նա:

Հարցին՝ արդյո՞ք այս քայլերը տանում են նրան, որ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նա պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են, բայց դա անհնարին է պատկերացնել այս իշխանությունների պաշտոնավարման դեպքում: Փաշինյանի վարչապետ եղած ժամանակ Հայաստանում 2 արտահերթ ընտրությունների անվան տակ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք իրենց մեջ իշխանազավթման հանցակազմ են պարունակում:

Նույն ենթադրյալ հանցագործների կազմով գնալ նույն իշխանազավթման սցենարով՝ անիմաստ է: Արտահերթ ընտրությունները տրամաբանական կլինեն այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից, գա ժամանակավոր կառավարություն, իրականացվեն մեր երկրի համար կարևորագույն այս շրջանում հակաճգնաժամային գործողություններ, հանդարտվի քաղաքական դաշտը, նոր դրանից հետո կազմակերպվեն արտահերթ ընտրություններ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս