Բերձորի հանձնումով՝ Արցախը կդառնա արտաքին աշխարհից մեկուսացած միավոր․ Արման Մելիքյան
Ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո Հայաստանը չկարողացավ ապահովել մեր դաշնակիցների աջակցությունը, և նրանք ձեռքերը լվացին արցախյան հիմնահարցի քաղաքական կարգավորման հարցում։ Առհասարակ, պատերազմի միջոցով Արցախի խնդիրը լուծելու՝ Ադրբեջանի փորձի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որևէ բացասական տեսակետ չեն հնչեցրել։ Ի վերջո՝ նրանք էին շրջանառության մեջ դրել մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում էին խնդրի խաղաղ, բացառապես քաղաքական ճանապարհով լուծում։ Այդ առումով՝ համանախագահները ևս Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի աջակիցը դարձան։ Փաշինյանը չկարողացավ կանխել պատերազմը, ունենալ դաշնակիցներ, որոնք կկարողանային կամ կցանկանային մեզ աջակցել, սա տապալված քաղաքականության շարունակությունն է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։
«Եթե Արցախը չունենա կարգավիճակ, անվտանգության որևէ երաշխիքի մասին խոսելն ավելորդ է։ Ստեղծված իրավիճակում Ադրբեջանն Արցախին կարգավիճակ տրամադրելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ նպատակ, և ամեն կերպ դրան խոչընդոտելու է, հատկապես որ, ներքին իրավակարգավորումներով Ադրբեջանը ոչնչացրել է ԼՂԻՄ-ի կարգավիճակը դեռևս 1990-ականների սկզբներին և դրանից հետո այդ տարածքը բաժանել հարակից այլ վարչական միավորների միջև։ Արցախը պետք է կարգավիճակ ունենա բոլոր դեպքերում, քանի որ այն տրված է եղել ԽՍՀՄ-ի ստեղծումից ի վեր, և այդ առումով՝ այն Ադրբեջանական հանրապետության ինքնիշխան տարածք համարել հնարավոր չէ։ Արցախն ունեցել է իր Սահմանադրությունը, և ժամանակին Արցախի վերացումը ևս հակաիրավական քայլ էր Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասաց քաղաքական գործիչը։
«Բաքուն խոսում է Սյունիքում նախկինում բնակված ադրբեջանցիների իրավունքների մասին, և հայկական իշխանությունները հավանաբար համաձայն են Ադրբեջանում հայերին տրվելիք այնպիսի երաշխիքներին, որպիսիք կարող են տրամադրել Սյունիք վերադառնալու ցանկություն ունեցող ադրբեջանցիներին՝ ՀՀ նախկին քաղաքացիներին, եթե նրանք ընդունեն ՀՀ քաղաքացիություն։ Մարդկանց իրավունքների խնդիրը պետք չէ շփոթել պետական կարգավիճակ ունենալու իրավունքի հետ, որն արցախահայությունն ունեցել է, իսկ Հայաստանում բնակվող ադրբեջանցիները երբևէ չեն ունեցել, նման խնդիր երբևէ չի էլ առաջացել։ Հայաստանն ուրացել է ավելի քան կես միլիոն ադրբեջանահայ փախստականների իրավունքները պաշտպանելու իր բնական առաքելությունը։ Եվ հիմա, երբ խոսվում է Ադրբեջանում արցախահայության իրավունքների մասին, Բաքուն կարող է խոսել առհասարակ Ադրբեջանի տարածքում բոլոր հայերի իրավունքների ապահովման երաշխիքների մասին՝ առանց տվյալ դեպքում Արցախին կարգավիճակ շնորհելու հեռանկարի։ Այդ առումով Ադրբեջանն իր խնդիրը լուծում է»,- նշեց Արման Մելիքյանը։
Նախկին դիվանագետի կարծիքով՝ Ադրբեջանը ստիպում է, որ հայկական կողմերը հրաժարվեն Արցախի ցանկացած կարգավիճակից՝ որպես սկզբունք, տարրալուծեն որպես պետական միավորում արդեն շնորհազրկված Արցախն Ադրբեջանի այլ շրջանների մեջ և թողնեն հայ բնակչությանը որպես պատանդ, որը մշտական ոչնչացման սպառնալիքի ներքո է լինելու, ինչպես դա եղել է 1988-ից ի վեր․ «Հայկական շահը ձևակերպված չէ։ Նախկինում դա ստատուս-քվոյի սպասարկումն էր, իսկ դրա պահպանումն էլ երաշխավորված էր արտաքին աշխարհի կողմից, ոչ թե մեր սեփական ուժերով։ Սա մեր պետականության ամենամեծ խնդիրն է։ Մենք քաղաքականություն վարելու ֆորմալ գործիքակազմ ունենալով՝ նախարարություններ, պաշտոնյաներ և այլն, բովանդակություն չենք կարողացել ապահովել, չենք էլ ցանկացել, մինչդեռ այլընտրանքային ճանապարհներ և գաղափարներ առաջարկվել են։ Այս իշխանությամբ դրանք իրագործելու մեխանիզմներ չկան։ Ցավոք, ինքնիշխանությունը վերականգնելու համար տքնաջան, հետևողական աշխատանք է պետք, որն ինչ-որ պահից կկարողանա ուղիղ անդրադառնալ պետական ինստիտուտների ջանքերի վրա»:
«Խնդիրները նախանշելու, դրանք լուծելու ուղիների փնտրտուքը պետք է կատարվի պետական և ֆորմալ քաղաքական կառույցներից դուրս՝ մասնագիտական թիմի կողմից։ Ցավոք սրտի, Հայաստանում վերլուծական և մասնագիտական շրջանակները կա՛մ իշխանություններին են սպասարկում, կա՛մ արտաքին ուժերին, երկու դեպքում էլ դա արվում է այս կամ այն գործողությունը վերլուծական ճանապարհով «արդարացնելու» միջոցով։ Հայաստանի շահերը սպասարկող ջանքեր չկան, փոխարենը՝ ինչ-որ վերնախավերի կամ արտաքին ուժերի են սպասարկում։ Օրինակ, Բերձորը փրկելու համար պետք է համապատասխան քաղաքական կամք դրսևորվի իշխանությունների կողմից, իրենք պետք է քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ, և ոչ այսօր, այդ խնդիրը նոր չէ, պետք էր վաղուց աշխատել։ Պատերազմը մեկուկես տարի առաջ է ավարտվել, այդ ընթացքում պետք է աշխատեին՝ կանխարգելելու նման ընթացքը։ Ի վերջո, այդ ճանապարհի և էներգետիկ հաղորդակցությունների հանձնումով Արցախը դառնալու է արտաքին աշխարհից մեկուսացած միավոր»,- ամփոփեց Արման Մելիքյանը: