Եթե դրամի արժևորումը պայմանավորող գործոնները լինեն ոչ պերմանենտ, այլ ժամանակավոր, երկիրը կբախվի էական դժվարությունների հետ․ Վարդան Արամյան
ՀՀ ինանսների նախկին նախարար, տնտեսագետ Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է իր վերջին հարցազրույցը՝ գրելով․
«Թեզերը որոնք հնչեցվել են հետևյալն են․
– Փոխարժեքի արժևորումը լավ է թե վատ պետք է նայել թե ում տեսանկյունից․ Սպառողների համար լավ է քանի որ զսպում է արտաքին աշխարհից ներթափանցող գնաճը ներմուծման գների վրա ազդելու միջոցով։ Տնտեսվարողների համար, նորից պետք է հարցնել, որ տնտեսվարողին ի նկատի ունենք․
Արտահանելի հատվածում զբաղվածների համար վատ է, քանի որ էապես կրճատվում են վերջիններիս եկամուտները՝ դրամային ծախսերի աճի ֆոնին։
Ոչ արտահանելի հատվածի և ներմուծողների համար լավ է․ Կրճատվում են դրանց դոլարային ծախսերը, իսկ վերջիններիս իրացումները դրամային են, շահում են։
– Արտահանելի հատվածի շուրջ 30%-ն է գտնվում շահեկան վիճակում, ովքեր իրացում ունեն դեպի Ռուսաստան, ՌԴ ռուբլու նկատմամբ դրամի արժևորում չկա։
– Փոխարժեքն արժևորվում է ոչ մեր ներքին տնտեսության ներուժի զգալի աճի հաշվին, այլ արտածին գործոնների հաշվին․ 1․ արտաքին առևտրի կառուցվածքում տեղափոխում դոլարից ՌԴ ռուբլու և դոլարային ավելցուկի գոյացում ներքին շուկայում 2․ ՌԴ-Ուկրաինա հակամարտության հետևանքով մեր երկիր այցելուների թվաքանակի աճ (2.7 անգամ) 3․ արտաքին տրանսֆերտների աճ
– Եթե դրամի արժևորումը պայմանավորող գործոնները լինեն ոչ պերմանենտ, այլ ժամանակավոր, երկիրը կբախվի էական դժվարությունների հետ (օրինակն ունեցել ենք 2008-2009թթ)
– ԿԲ-ն բոլոր հարցերի պատասխանը չի կարող տալ, նա ունի երկու նպատակ և պատասխանատու է դրանց համար՝ ֆինանսական կայունություն և գների կայունություն (իր քաղաքականությամբ մեղմում է տնտեսական ցիկլերը և չի ազդում միտումների վրա)
– Քննարկման հարց է թե թույլ տալ փոխարժեքն արժևորվի և դրանով փակել ՀՆԱ ճեղքը (փաստացի ՀՆԱ և պոտենցիալ ՀՆԱ-ների միջև տարբերություն) և ապահովել հավասարակշռություն, թե կատարել ստերիլիզացիոն քաղաքականություն՝ գնել ավելցուկ դոլարը և միևնույն ժամանակ պարտատոմսեր թողարկելով հետ քաշել շուկայում դոլարի գնման հետևանքով հայտնված դրամը, որպեսզի գնաճային սպասումները չսնվեն ավելցուկ փողով։
– Ես ավելի շատ հակված եմ երկրորդին (թեև սա որոշակիորեն գնաճի նպատակադրման կոնցեպտի հետ կոնֆլիկտի մեջ է մտնում), քանի որ դրանով իսկ
ա․ հնարավորություն կլինի մեղմել դրամի արժևորման տեմպերը
բ․ ԿԲ-ն կկուտակի լրացուցիչ պահուստներ և ավելի պատրաստված կլինի սցենարին, եթե թվարկված գործոնները լինեն ժամանակավոր
գ․ Տնտեսության արտահանելի հատվածը, որը տնտեսության ներուժի ողնաշարն է չի հայտնվի նույն վիճակում ինչ 2000-ականների առաջին տասնամյակում»։