Փաշինյանի իշխանության պլան Բ-ն է պատրաստվում. Հարություն Մեսրոբյան
Հայ ժողովրդի հավաքական տգիտությունն ինձ սարսափեցնում է. դա սարսափեցնում է ոչ միայն ինձ, այլ նաև ինձ շրջապատող նորմալ ադեկվատ հայերին, ուստի պատահական չէ, որ նրանց աչքերում հաճախ տեսնում եմ խելագարության նշույլներ ու սկսում հասկանալ, թե ինչո՞ւ և ինչպե՞ս խենթացավ Կոմիտասը. խենթացավ ոչ այնքան թուրք բարբարոսների ցեղասպան գործողություններից, որքան մեր հավաքական տգիտությունից և անտարբերությունից։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայաստանյան ներքաղաքական զարգացումների և դրանց հանդեպ հասարակության տարբեր շերտերի վերաբերմունքն ու արձագանքն այսպես բնութագրեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ հավելելով.
«Խոսելով այս անտարբերության պատճառների մասին՝ ուզում եմ մեր արևմտամետներին և՛ հիշեցնել, և՛ մի խորհուրդ տալ՝ 1991 թվականին այդ ո՞ր կրթություն ստացած ժողովուրդը մաքառեց, իհարկե, Խորհրդային Միության, իսկ հիմա ո՞ր կրթություն ստացած համրությունն է հայրենիք կորցնում, իհարկե, արևմտյան և առաջադեմ ասվածի, հետևաբար, հենց սա է տալիս «ինչո՞ւ են մարդիկ անտարբեր ու տգետ» հարցի պատասխանը։ Այս տխուր պատկերի մեջ, սակայն, կա մի լուսավոր կետ. հիմա փողոցում ծավալված այս պայքարի մեջ տեսնում եմ իսկական հային»։
Ըստ կառավարման փորձագետի՝ Հայաստանն այժմ գահավիժման փուլում է, ուստի հենց այդ պահին է, որ պետք է մտավորականությունը կարմիր լույս վառի, գնա և 24 ժամ կանգնի փողոց դուրս եկածների կողքին. կանգնի ամեն օր, հակառակ դեպքում՝ կստացվի, որ սատարում են այդ իսկական հային միայն թղթով՝ թղթի անօգուտ շերեփով։
Կառավարման փորձագետի գնահատմամբ՝ Փաշինյանի իշխանությունն իր կառավարման 4 տարիների ընթացքում հասել է նրան, որ այլևս չի կարողանում Հյուսիսային պողոտայում օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի հետ առանց ոստիկանական պատի ուղեկցության շրջել, իսկ դա նշանակում է՝երկրում գնում է խորքային գործընթաց, ուստի, եթե ընդդիմությունը չանի կոպտագույն սխալներ, իշխանափոխություն կլինի։
Մեսրոբյանը, սակայն, ընդգծեց՝ հիմա չպետք է թույլ տալ, որ անգլոսաքսոնական հայտնի ճոճանակի միջոցով այս ապազգային իշխանությանը փոխարինեն կեղծ ազգայնական ուժերը, որը մեր դեպքում «Բևեռ» կոչվածն է, որի անդամների կալանավորումը պատահական չէ՝ զոհի կերպար ստանալու համար։
«Զոհը ժողովրդին դուր է գալիս. այդ կենտրոնները պատրաստում են այս իշխանության պլան Բ-ն»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, չնայած դրան, արդեն բացառապես մեծաթիվ ոստիկանների ուղեկցությամբ մի տեղից մյուս տեղ գնացող Նիկոլ Փաշինյանը դեռ փորձում է երկարաձգել իր իշխանությունը՝ հենվելով այն հանգամանքի վրա, որ սպառողական հասարակությանը կարող է մանիպուլյացնել սոցիալական աջակցության ծրագրերով։
Մեսրոբյանը նկատեց՝ պատահական չէ, երբ փողոցում նրա հրաժարականի պահանջն ուժեղանում է, ինքը խոսում է թոշակառուներին 10 տոկոս հետվճար տալու մասին, թեև պետությունը գահավիժում է ամեն օր։
«Դա թույլ չտալու համար պետք է ընդդիմությունը կիրառի իռլանդական մոդելը, որը կոչվում է «Ազգի ոսկե հիմնադրամ»։ Բացատրեմ ինչ է դա՝ անցյալ դարի սկզբում իռլանդացիներն իրենց առաջ խնդիր դրեցին առաջ անցնել ՏՏ ոլորտում, իսկ քանի որ իռլանդացիները մեզ նման են՝ ավելի շատ սփռված են սփյուռքում, քան Մայր հայրենիքում, որոշեցին աշխարհի խոշորագույն կորպորացիաներից ազգությամբ իռլանդացի մասնագետներին գտնել և պետական մակարդակով կապվել նրանց հետ՝ ներգրավելու նրանց Իռլանդիայի պետականաշինության գործին։
Հիմա մեր ընդդիմությունը պետք է «Ազգի ոսկե հիմնադրամի» սկզբունքով ուժեղացնի իր պայքարի որակը։ Այս ընդդիմությունը պետք է վերցնի և կիրառության մեջ դնի կյանքով ապացուցված իռլանդական այս մոդելը»,- ասաց կառավարման փորձագետը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում