Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովների նպատակն ու ոչ իրավական սպառնալիքը
44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման համատեքստում իշխանությունները քննելու են նաև Արցախի խնդրի կարգավորման բանակցային գործընթացը: Այսինքն, արձանագրված անհաջողությունների ոչ միայն ռազմական պատճառներն են օրակարգում լինելու, այլև՝ քաղաքական:
Մամուլում շրջանառված լուրերի համաձայն՝ հունիսին ԱԺ քննիչ հանձնաժողովը նախատեսում է նիստին հրավիրել 6-8 նախկին պաշտոնյայի, այդ թվում` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին և արտաքին գերատեսչության ղեկավարի նախկին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանին:
Ավելին, Օսկանյանին հրավերն արդեն ուղարկվել է, ինչին ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարի արձագանքը չի ուշացել:
ՀՀ նախկին արտգործնախարարը լրատվամիջոցներին տրամադրած մեկնաբանության մեջ հայտնել է, որ չի գնալու ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լսումներին։
Առաջինը՝ համոզված չէ, որ այդ հանձնաժողովի նպատակներն անկեղծ և ազնիվ են։ Առավել ևս՝ համոզված չէ, որ այդ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ։
Երկրորդը՝ անկախ հանձնաժողովի անդամների կողմից իրեն տրվելիք հարցերից՝ իր բոլոր պատասխանների եզրակացությունը լինելու է այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների անցած ուղու, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։
«Նույնը կարելի է ասել այսօրվա իրավիճակի մասին՝ ճիշտ և հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հնարավոր է առանց պատերազմ հրահրելու հենց միջազգային հանրության աջակցությամբ խուսափել Արցախը ԼՂԻՄ սահմաններով Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին տալու և Սյունիքում Ադրբեջանին հաղորդակցային միջանցք տրամադրելու Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշումներից»,- նշված էր Վարդան Օսկանյանի մեկնաբանությունում։
ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս մերժումից հետո դարձյալ հիշել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխությունների մասին:
Այս մասին Անդրանիկ Քոչարյանը խոսել էր, երբ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հրաժարվել էր ներկայանալ Ապրիլյան քննիչ հանձնաժողով, բայց մինչ օրս որևէ առարկայական քայլ չի ձեռնարկվել այս ուղղությամբ:
Իսկ ֆեյսբուքյան իր էջում Անդրանիկ Քոչարյանը, մասնավորապես, գրել էր․
«Զգուշացնում եմ, որ թե՛ Օսկանյանի, և թե՛ մյուս բոլոր հրավիրյալների կողմից հանձնաժողով ներկայանալու առաջարկը մերժելն ունենալու է բարոյական և քաղաքական հետևանքներ։ Ի դեպ, քաղաքական թաքստոցներից օգտվել ևս չի հաջողվի, քանի որ դրանք կվերացվեն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու արդյունքում, և այդ պարագայում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չներկայանալը կհանգեցնի նաև իրավական հետևանքների»:
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Անդրանիկ Քոչարյանի «սպառնալիքը» հեռու է իրավական առումով գրագետ լինելուց:
«Իմպերատիվ պահանջը չկատարելու համար հետևանքը կարող են նախատեսել ոչ թե «Ազգային ժողովի կանոնակարգում» սահմանադրական օրենքում, այլ՝ իրավական պատասխանատվություն սահմանող օրենքներում՝ Քրեական օրենսգրքում և/կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ լրացումների տեսքով, առ այն, որ քննիչ հանձնաժողով չներկայանալն իրավական հետևանք է ունենալու: Այսինքն, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում չէ, որ պետք է փոփոխություն անել իրավական հետևանքներ առաջացնելու համար, այլ՝ համապատասխան բնագավառի, այն է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ նախատեսելու վարչական պատասխանատվություն, Քրեական օրենսգրքում էլ՝ որպես քրեական»,- մանրամասնեց Մելոյանը՝ հավելելով, որ այժմ որևէ նորմատիվ իրավական ակտով նախատեսված չէ պատասխանատվություն քննիչ հանձնաժողով հրավիրվելու դեպքում նիստին չներկայանալու համար։
Սահմանադրագետը հավելեց, որ ինչպես նախորդ գումարման խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության կողմից ստեղծված ապրիլյան պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը ցույց տվեց, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովից որևէ ակնկալիք պետք չի ունենալ:
«Երբ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված բազմաթիվ քրեական գործերի պայմաններում այս իշխանությունը, որն իր ձեռքում կենտրոնացրել է քննչական և օպերատիվ-հետախուզական բոլոր լծակները և ունի բոլոր հնարավորությունները 44-օրյա պատերազմի բազմաթիվ մութ դրվագների վրա լույս սփռել, ստեղծում է քննիչ հանձնաժողով, որն ավելի շատ ընդդիմության համար նախատեսված գործիք է, ապա ակնհայտ է, որ նպատակը ոչ թե օբյեկտիվ իրականության բացահայտումն է, այլ՝ կապիտուլյացիայի համար մեղավորությունն այլոց վրա գցելն է, քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելլը և ժամանակ շահելը»,- հավելեց իրավագետը։
Այս համատեքստում հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանակին տեսակապի միջոցով համաձայնել էր պատասխանել Ապրիլյան քննիչ հանձնաժողովի հարցերին:
«Շատ դիվանագիտական պատասխաններ էին: Բայց հարցերն այնքան համապարփակ են եղել: Մեզ համար կարևորը հարցերն էին, իսկ պատասխանները մենք համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ տեղեկատվության հետ»,- լրագրողներին ասել էր այդ ժամանակ Անդրանիկ Քոչարյանը:
Այսինքն, բանակցային գործընթացի, պատերազմը կանխող կամ չկանխող քաղաքական և դիվանագիտական պատճառների մասին այսօրվա իշխանության ներկայացուցիչներին նախկինները քիչ թե շատ տեղեկացրել են, ընդ որում, ոչ միայն արտաքին գործերի նախարարի մակարդակով, այլև՝ նախագահների:
Եվ եթե հաշվի առնենք իշխանության այն պնդումը, որ 44-օրյա պատերազմը 2016-ի Ապրիլյան պատերազմի շարունակությունն էր, ապա պետք է, որ բավարար տեղեկացված լիներ գործող իշխանությունը՝ ինչ անել, որ ռազմական գործողությունները ժամանակին կանգնեին:
Մյուս կողմից, չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանն ինքն ԱԺ-ում ուշացած խոստովանեց՝ կարող էր կանխել պատերազմը, այսինքն՝ այնպես անել, որ ունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի:
Արդյո՞ք այս հայտարարությունը բավարար քննության առարկա կդառնա, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը հիմա երկրի ղեկավար է:
Մեկ անգամ նրան խնայել են և չեն կանչել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով՝ պարզելու, թե ինչի հիման վրա էր պնդում, որ Ապրիլյան պատերազմը ՌԴ-ն է հրահրել: Այն ժամանակ պատճառաբանեցին, թե նա կառավարության անդամ չէ: Իսկ գուցե այն ժամանակ տեղեկություններ կային, որ պե՞տք է իմանայինք: Գուցե:
Ի դեպ, պակաս հետաքրքիր չեն ժամանակագրական որոշ փաստեր՝ կապված 97 էջից բաղկացած և խոստացված ու այդպես էլ չհրապարակված Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունների արդյունքներին վերաբերող զեկույցի հետ: Իհարկե, խոսքը գաղտնիության առումով թույլատրելի հատվածին է վերաբերում: Մյուս կողմից, ըստ էության, ռիսկային էր, որ գաղտնիություն պարունակող տվյալներ հասանելի դարձան ռազմական գործից հեռու «իմքայլականներին»:
Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ձևավորվել էր 2019-ին մայիսին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ 2018 թվականի մայիսի դատարանական վճռից, որով Ընդհանուր իրավասության դատարանը նրան ազատեց կալանքից, իսկ գործն էլ ուղարկեց ՍԴ:
Մայիսի 20-ին եղավ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը դատական համակարգի հեղափոխության մասին, որի շրջանակում էլ նա հանկարծ շոշափեց Ապրիլյան քառօրյա պատերազմի թեման՝ նշելով, թե եկել է ժամանակը, որ ստեղծվի հանգամանքների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողով: Հանձնաժողովի աշխատանքի 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո այն երկարաձգվեց ևս 6 ամսով, որն ավարտվեց 2020-ի հունիսի սկզբին: Մեկ ամիս հետո սկսվեցին տավուշյան մարտերը:
Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ «44-օրյա պատերազմի ծագումը» իր հոդվածում խոստովանում է, որ 2020թ. հուլիսյան մարտերը էական ազդեցություն ունեցան իրադրության գնահատականի վրա:
«Ճիշտ է՝ մարտական գործողությունների մասշտաբը հետագա պատերազմի համեմատ չափազանց փոքր էր, բայց հուլիսյան մարտերում ներգրավված էին ադրբեջանական էլիտար ստորաբաժանումները, իսրայելական անօդաչու թռչող սարքեր, և մեր բանակը ոչ միայն դիմակայեց, այլև մարտական դիրքում և մարտերի ընթացքում մենք ոչ մի զոհ չունեցանք, ոչ մի զոհ: Մեր զոհերը թիկունքում էին նահատակվել: Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով»,- գրել էր Փաշինյանը:
Ավելին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր՝ Ադրբեջանը դեռ 2020-ի հուլիսին պիտի Արցախի ուղղությամբ մարտական գործողություններ իրականացներ, սակայն մտափոխվել է:
«Հուլիսյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը նպատակ է ունեցել միանգամից ռազմական գործողությունները տեղափոխել Արցախի շփման գիծ, բայց հետագայում հրաժարվել է այդ մտքից և այդ գործողություններին չի դիմել: Այս անգամ ինչի են կարողացել դա անել, դա հավելյալ Թուրքիայի օգնությանը դիմելն էր»,- նշել էր նա լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում:
2020-ի սեպտեմբերի 9-ին քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնել էր, որ Ապրիլյան պատերազմի զեկույցը մի քանի օրից կներկայացվի ԱԺ նախագահին: Ներկայացվե՞լ էր արդյոք, ինչպես խոստացվել էր, թե՞ ունեին նախնական գնահատական, որ պատերազմ է սկսվելու, և այդպես էլ չի ներկայացվել:
Ինչևէ, արդեն պատերազմից հետո մամուլը գրեց, որ 44-օրյա պատերազմի «կապիտուլյացիոն» ավարտից հետո՝ 2020-ի նոյեմբերի 20-ին, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային ժողովի նախագահին։ Եվ թեև այն, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի՝ զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պիտի քննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում, այն փակ նիստում քննարկման դրվեց միայն 2021-ի մայիսին:
Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը չէր բացառել քրեական գործերի հարուցումն Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության արդյունքում:
Yerevan.today-ի փոխանցմամբ, ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը դիմել է ՀՀ գխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք քրեական հետապնդում հարուցելու համար որևէ գործողություն կատարել է քննիչ հանձնաժողովը։
ՀՀ Գլխավոր դատախազությունից պատգամավորին պատասխանել են հետևյալը․ «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կողմից քրեական հետապնդում հարուցելու կամ նյութերի նախապատրաստման նպատակով ՀՀ դատախազությանը որևէ գրություն չի հասցեագրվել, տեղեկատվություն չի տրամադրվել, քրեական գործեր չեն հարուցվել»։
Նշանակում է՝ որևէ այնպիսի բացահայտում չի արել այդ հանձնաժողովը, որը քրեական գործի հիմք կլիներ, այլապես «նախկիններից» վրեժխնդիր լինելու լավ առիթ կլիներ:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննությունն այլ նպատակներ էր հետապնդում, և հիմա Փաշինյանի իշխանությունը ցանկանում է 44-օրյա պատերազմի հանգամանքների համար մոտ 2 տարի ժամանակ ունենալ:
Այո, 44-օրյա պատերազմի հանգամանքները և դրվագները մանրակրկիտ քննություն են պահանջում, և երկար ժամանակ է պետք, մյուս կողմից, եթե իշխանությունը քաղաքական կամք և ցանկություն ունենա մի քանի առանցքային հարցի պատասխանել, շատ բան պարզ կդառնա: Այլապես ծիծաղելի է, որ ժամանակի սղությունից բողոքող իշխանությունը ոչ թե ռազմական բուն հանգամանքներն ու Նիկոլ Փաշինյանի հստակ հայտարարություններն է քննության սկզբում ուզում առնել և «տեղափոխվում է» նախկինների արտաքին քաղաքական դաշտ:
Միաժամանակ, պատերազմի տարբեր դրվագներով հարուցում է քրեական գործեր, որից հաճախ գլխավոր պատասխանատուները կարծես թե դուրս են մնում: