Իրանի բուժհաստատություններին հարվածները խաթարում են բժշկական ծառայություների մատուցումը. ԱՀԿ
Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության ֆոնին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Իրանի բժշկական հաստատությունների վրա իրականացված հարվածների մասին՝ նշելով, որ դրանք խաթարում են բժշկական ծառայությունների մատուցումը և վտանգում մարդկանց առողջությունը։ Այս մասին X հարթակում գրառում է արել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը;
«Իրանում գտնվող «Պաստյոր» ինստիտուտը զգալի վնաս է կրել և անկարող է եղել շարունակել առողջապահական ծառայություններ մատուցել», – նշել է նա գրառման մեջ։
Գեբրեյեսուսը հավելել է, որ ինստիտուտը հիմնադրվել է 1920 թվականին և ավելի քան մեկ դար գործում է բժշկական հետազոտությունների բազմաթիվ ոլորտներում։ Կառույցի երկու բաժինները համագործակցում են ԱՀԿ-ի հետ։
«Բացի այդ, Դելարամ Սինա հոգեբուժական հիվանդանոցը զգալի վնաս է կրել մարտի 29-ի հարվածի պատճառով, իսկ Թոֆիգ Դարու դեղագործական կենտրոնը, որն արտադրում էր դեղամիջոցներ քաղցկեղի և բազմակի սկլերոզի բուժման համար, վնասվել է մարտի 31-ի մեկ այլ հարձակման ժամանակ։ Այս միջադեպերի հետևանքով զոհեր չեն գրանցվել», – նշված է գրառման մեջ։
Գեբրեյեսուսը հավելում է, որ մարտի 1-ից ի վեր ԱՀԿ-ն հաստատել է Իրանում առողջապահական կենտրոնների վրա իրականացված ավելի քան 20 հարձակում, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, այդ թվում՝ վարակիչ հիվանդությունների առողջապահական ոլորտի աշխատակից և Իրանի Կարմիր մահիկի ընկերության անդամ։
«Իրանում և տարածաշրջանում հակամարտությունն ազդում է առողջապահական ծառայությունների մատուցման և առողջապահական հաստատություններում գտնվող բուժաշխատողների, բուժառուների և քաղաքացիական անձանց անվտանգության վրա։ Խաղաղությունը լավագույն դեղամիջոցն է», – եզրափակել է նա։
Օրերես Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով մեծ վնաս է հասցվել «Պաստյոր» ինստիտուտին։



