Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ առաջարկ են մշակում Օմանի հետ միասին Հորմուզի նեղուցի մոնիթորինգի վերաբերյալ
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին նշել է, որ Իրանն առաջարկ է մշակում Օմանի հետ միասին Հորմուզի նեղուցի մոնիթորինգի վերաբերյալ՝ «նպատակ ունենալով հեշտացնել և ապահովել անվտանգ անցումը, ինչպես նաև ավելի լավ ծառայություններ մատուցել այս երթուղով անցնող նավերին». այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։Դեռևս չեն հստակեցվում առաջարկի մանրամասները։ Օմանն, իր հերթին, դեռևս չի ընդունել դա։
«Բնականաբար, երբ մենք բախվում ենք ագրեսիայի, նավարկությունը լուրջ խնդիրների է բախվում, և սա ագրեսիվ գործողության հետևանքն է», – ասել է Ղարիբաբադին։
«Մենք ներկայում պատերազմի մեջ ենք և չենք կարող ակնկալել, որ պատերազմի պայմաններում կարող ենք առաջնորդվել նախապատերազմյան կանոններով», – հավելել է նա։Հորմուզի նեղուցն անցնում է Իրանի և Օմանի տարածքային ջրերով, բայց համարվում է միջազգային ջրային ուղի։
Ավելի վաղ Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլիաս Հազրաթին հայտարարել էր, որ Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ համաձայնագիր կնքելու հնարավորությունը այն երկրների հետ, որոնք օգտագործում են տվյալ ջրային ուղին։




