Պատասխանատվություն պահանջողը, բայց պատասխանատվությունից խուսափողը. Սուրեն Պապիկյանը խուսափո՞ւմ է, թե՞ չգիտի ինչ ասել
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան-ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան ադրբեջանական ներթափանցումների և դիրքային բարելավումների հետ կապված հեռակա բանավեճին, երկու կողմի փաստարկներին, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարության, այս ընթացքում չենք անդրադարձել, հատկապես երբ լրատվամիջոցներից արբանյակային լուսանկարների հիման վրա հիմնավոր հակադարձումներ արել էին ՊՆ հերքմանը։ Քանի որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը համաձայնել էր իր կուսակից ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանի հետ, որ պետք է պատասխանատվության ենթարկել այն լրատվամիջոցներին, որոնք կասկածի տակ կդնեն պաշտոնական տեղեկատվությունը, որոշել էինք կարևոր հարցերի պատասխանները ստանալ Սուրեն Պապիկյանից:
Մարտի 17-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին հետևյալ հարցադրումներով.
1. ՀՀ պաշտպանության նախարարությունը խոսնակի միջոցով հերքել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի՝ ադրբեջանական նոր առաջխաղացման մասին պնդումները: Այդ հերքման մեջ նշվում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ տեղագրական քարտեզներով, որոնք ունեն իրավական ուժ և հաստատվել են Պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից: ԽՍՀՄ քարտեզով Ադրբեջանի դիրքը չի հատում պետական սահմանագիծը և գտնվում է ՀՀ տարածքում»:
Հարց. Առաջին՝ 1975 թվականի քարտեզով, որի մասին նշվում է ՊՆ հերքման մեջ, հայկական որքա՞ն տարածք, ի՞նչ տարածքներ և դիրքեր են ադրբեջանական օկուպացիայի տակ, երկրորդ՝ Գեղարքունիքի հատվածում արվե՞լ է սահմանազատում, որոշվե՞լ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանները, երրորդ, Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում նշվում է, որ «սահմանազատման գործընթացում հանձնաժողովներն օգտագործում են բոլոր վերաբերելի քարտեզագրական փաստաթղթերը»: Ավելին, դեռ երեք տարի առաջ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ «սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1974-1978 թվականների քարտեզների խմբի հիման վրա»։
2. 2020 թվականի դեկտեմբերին Գորիս-Կապան ճանապարհահատվածն ի՞նչ փաստաթղթի հիման վրա է հանձնվել Ադրբեջանին, արդյո՞ք որևէ փաստաթուղթ ՀՀ պաշտպանության նախարարի մակարդակով, ստորագրվել է, այդ թվում՝ Գորիս-Կապան մայրուղու վրա սահմանային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների միջև:
3. Քարտեզագրական ի՞նչ փաստաթղթի հիման վրա է Ադրբեջանին հանձնվել Գորիս-Կապան ճանապարհահատվածը։
4. Սյունիքից զորքի հետքաշումը գրավոր ի՞նչ հրամանի և փաստաթղթի հիման վրա է կատարվել։
5. Ադրբեջանն ի՞նչ քարտեզների հիման վրա է մտել 2021 թվականի մայիսից ՀՀ ինքնիշխան տարածք: Կամ՝ արդյո՞ք Google Map-ի կամ Google GPS տեղորոշման համակարգի հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում, սահմանագծում չի իրականացվել, ինչպես այդ ժամանակվա ՄԻՊ-ն էր պնդում և ոչ միայն, ինչո՞ւ է 5 տարի առաջ այն «իրավական» համարվել:
6. 2021 թվականի մայիսին «Արմենպրեսի» տրամադրության տակ էր հայտնվել ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ 1:100 000 մասշտաբով Թիվ J-38-21 քարտեզը, որի համաձայն՝ Սև լիճն (նիշը՝ 2657.5 մ) իր արևմտյան, հարավային և արևելյան ողջ ափեզրով գտնվում է Հայկական ԽՍՀ սահմաններում։
Ադրբեջանական ԽՍՀ տարածքում է գտնվում լճի հյուսիսային ափեզրի մի հատված՝ լճի՝ ընդհանուր հայելու մոտ 10 % մակերեսով։ Սև լճից արևելք անմիջական հարևանությամբ գտնվող Սագի լիճը ըստ հիշյալ քարտեզի ամբողջությամբ գտնվում է Հայկական ԽՍՀ տարածքում։ ՀՀ պետական գործակալության հաղորդմամբ, Հայաստանի Հանրապետությունն իր հիմնարար փաստաթղթերում հաստատել է, որ հանդիսանում է Հայկական ԽՍՀ իրավահաջորդը։ Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական ուժ ունեցող սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվել։
Ուստի, ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի քարտեզներն այս առումով մնում են առավել ճշգրիտ, ամբողջական ու հիմնարար աղբյուր։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սև լճի արևմտյան, հարավային և արևելյան ափեզրերի շրջանում՝ ադրբեջանական զինուժի առկայությունը միանգամայն անօրինական է, իսկ հիշյալ տարածքների պատկանելությունը Հայաստանի Հանրապետությանը աներկբա է ու որևէ առումով չի կարող վիճարկվել։
Ինչո՞ւ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն չի առաջնորդվում նշված քարտեզներով, որոնք 5 տարի առաջ պետական լրատվամիջոցը, այսինքն՝ իշխանությունները համարում էին առավել ճշգրիտ, ամբողջական ու հիմնարար աղբյուր, այլ ԽՍՀՄ 1975 թվականի քարտեզով է առաջնորդվում, ո՞վ է դա որոշել, ինչո՞ւ, ինչո՞վ է այն հիմա դարձել առավել հիմնարար:
Ի դեպ, հաշվի առնելով նախկին հարցումների պատասխանների դառը փորձը, հարկ ենք համարել խնդրել, որ պատասխանները լինեն հստակ և փաստարկված: Բայց ինչպես ժողովուրդը կասեր՝ ո՞ւմ ես ասում: Մոտ 20 օր հետո Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը պատասխան գրություն է ուղարկում, որում, ըստ էության, չեն պատասխանել ոչ մի հարցի:
«Ի պատասխան Ձեր՝ 17.03.2026թ. գրավոր հարցմանը՝ հայտնում ենք, որ ներկայացված 1-ին հարցի՝ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ լիազոր մարմինը պարբերաբար տալիս է անհրաժեշտ տեղեկատվություն: Իսկ 2-6-րդ հարցերի առնչությամբ բազմիցս տրվել են պաշտոնական պարզաբանումներ: Հավելյալ որևէ տեղեկություն չենք կարող տրամադրել»,- նշվում է ՊՆ պատասխանում:
Նախ արձանագրենք, որ Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանական գերատեսչությունը, որը պնդում է, որ «ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ տեղագրական քարտեզներով, որոնք ունեն իրավական ուժ և հաստատվել են Պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից: ԽՍՀՄ քարտեզով Ադրբեջանի դիրքը չի հատում պետական սահմանագիծը և գտնվում է ՀՀ տարածքում», չգիտի, թե այդ քարտեզով հայկական համարվող որքա՞ն տարածք և դիրք է օկուպացված Ադրբեջանի կողմից: Տխուր և վտանգավոր ցուցիչ է:
Եվ հետո՝ մեր հարցադրումներից Սուրեն Պապիկյանին պետք է պարզ լիներ, որ շատ լավ տիրապետում ենք Ադրբեջան-Հայաստան սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգին և տարածած տեղեկություններին, ու գիտենք, որ Պաշտպանության նախարարությունն այդտեղ ներկայացուցիչներ ունի: Գիտենք նաև, թե ո՞ր հարցի հասցեատերն ով է:
Եթե Պաշտպանության նախարարությունը դեռ սահմանազատում չեղած հատվածներում իր հերքման մեջ հստակ պնդում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող դիրքերի պատկանելիությունը, երբ, օրինակ, Գեղարքունիքի հատվածում ունենք օկուպացված տարածքներ, չհարցնե՞նք՝ Գեղարքունիքում սահմանազատում եղե՞լ է:
Կամ՝ երբ տարիներ առաջ գործող իշխանությունները, պաշտպանական գերատեսչությունն ապացուցում էին, որ ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզն ամենաճշգրիտը, ամբողջականն ու հիմնարար աղբյուրն է, որով Սև լիճը պատկանել է Հայաստանին, չփորձե՞նք պարզել՝ ինչո՞ւ դրանով չեն առաջնորդվում, առանց ճշտելու՝ ասենք, որ ընդունել են այն քարտեզը, որը ձեռնտու էր Ալիևի՞ն:
Ավելին, երբ Պաշտպանության նախարարությունը քննադատում է Google Map-ը, ապա չհիշեցնե՞նք, որ տարիներ առաջ Ադրբեջանին են հանձնվել տարածքներ հենց Google Map-ի կամ Google GPS տեղորոշման համակարգի հիման վրա, և փորձենք հասկանալ՝ սրանցով սահմանազատումն իրավական հիմք ունի՞, թե՞ ոչ: Այս բոլոր հարցերը պահանջում էր Սուրեն Պապիկյանի կամ Պաշտպանության նախարարության հստակ պատասխանները:
Ինչ վերաբերում է 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքից զորքի հետքաշմանը և ՊՆ-ում և ԳՇ-ում դրա հետ կապված գրավոր հրաման լինել-չլինելու հետ կապված, մի քանի անգամ հարցում ենք ուղարկել այդ թեմայով Պաշտպանության նախարարություն, և ամեն անգամ արձագանքը տարբեր է եղել։
Ավելին, Նիկոլ Փաշինյանն ինքը տարբեր ժամանակներում տարբեր պնդումներ է արել՝ մեկ ասում է, որ Սյունիքից զորքի հետքաշման հրաման ինքն է անձամբ տվել, մեկ էլ, որ երբեք որևէ հրաման չի տվել ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից ՀՀ զորքի հետքաշման մասին:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնել են, որ Սյունիքից զորքի հետքաշման փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել, նախաքննություն չի իրականացվում: Իսկ եթե Սուրեն Պապիկյանը պետք է խուսափի կարևոր հարցերին պատասխանելուց կամ դրա պատասխանատվությունից, ապա այսուհետ լավ կլինի նաև չխոսի լրատվամիջոցների պատասխանատվությունից, պաշտոնական տեղեկատվությանը հավատալու անհրաժեշտությունից, և ոչ միայն:




