Մեծ Բրիտանիան ՀՕՊ համակարգ կտեղակայի Քուվեյթում
Մեծ Բրիտանիան իր Rapid Sentry հակաօդային պաշտպանության համակարգը կտեղակայի Քուվեյթում՝ Պարսից ծոցում բրիտանական և քուվեյթյան շահերը պաշտպանելու նպատակով։ Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին ապրիլի 3-ին հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը՝ Քուվեյթի նավթային օբյեկտի վրա Իրանի կողմից իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։
Դաունինգ սթրիթի խոսնակը հայտնել է, որ Սթարմերը ՀՕՊ համակարգի տեղակայման հարցն ապրիլի 3-ի առավոտյան քննարկել է Քուվեյթի թագաժառանգ Սաբահ ալ-Խալիդ աս-Սաբահի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Համակարգը նախատեսված է հիմնականում անօդաչու թռչող սարքերը և այլ ցածր թռիչքի օդային սպառնալիքները խոցելու համար և կպաշտպանի Քուվեյթի և Մեծ Բրիտանիայի անձնակազմին և շահերը տարածաշրջանում։
«Վարչապետը սկսեց՝ Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա գիշերը անօդաչու թռչող սարքերի անխոհեմ հարձակումը դատապարտելով», – ասել է խոսնակը՝ հավելելով, որ Սթարմերը վերահաստատել է, որ Մեծ Բրիտանիան կանգնած է Քուվեյթի և Պարսից ծոցի բոլոր դաշնակիցների կողքին։
Սթարմերը և թագաժառանգը նաև քննարկել են Հորմուզի նեղուցով համաշխարհային նավագնացության խափանումը և ողջունել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի նախագահությամբ ապրիլի 2-ին կայացած հանդիպումն՝ ուղղված կենսականորեն կարևոր նավագնացության երթուղու վերաբացման ծրագրի մշակմանը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը նախագահել է վիրտուալ հանդիպումը, որին մասնակցել է ավելի քան 40 երկիր, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հնդկաստանը։
Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածներից հետո Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Իրանը նաև արգելել է Հորմուզի նեղուցով ոչ բարեկամական երկրների նավերի անցումը։ Նեղուցով նավագնացությունը նվազել է 95%-ով՝ նավթի գնի կտրուկ աճի հանգեցնելով։



