Ագուլիսի կոտորածն ու թուրքերի կողմից 30 հայ կանանց նկատմամբ իրականացված սարսափելի վայրագությունները

Գողթն գավառը հանդիսանում էր Թուրքիան և Ադրբեջանը միացնող օղակ։ Բաթումի դաշնագրից հետո թուրքերը եկան Նախիջևան և այդ ժամանակ որոշեցին սկսել և հաջողությամբ ավարտին հասցնել Գողթն գավառի գրավումը։ Արդեն իսկ 1918 թվականի հուլիսից թուրքական զորքերը մտան Ագուլիս։

Օգոստոսին Օրդուբադի քաղաքի և շրջանի զինվորական կառավարիչ նշանակվեց Խալիլ բեյը։ Խալիլ բեյի առաջին գործը եղավ՝ կոչով դիմել հայերին և հորդորել, որպեսզի զինաթափվեն և ապրեն իրենց ենթակայության տակ խաղաղ և հնազանդ։ Խալիլ բեյն իր կոչում շտապեց տեղեկացնել, որ Նախիջևանում իբր ավերվել է 300 մահմեդական գյուղ։ Այնինչ Խալիլ բեյից առաջ և հետո Նախիջևանի հայկական գյուղերն ու հայ ազգաբնակչությունը հրի և սրի էր մատնվում։

Ամբողջ ամռան և հատկապես աշնան ընթացքում Նախիջևանում մարտեր էին ընթանում։ Թուրքերը գրավում էին հայկական բնակավայրերը, թալանում, իրականացնում կոտորածներ ու վայրագություններ։ Այդ ամենի մասին մենք ներկայացրել էինք մեր նախորդ հոդվածում։ Ամենադաժան գործողություններն ու վայրագությունները տեղի ունեցան Ագուլիսում։ Արդեն իսկ դեկտեմբերի 18-ին Օրդուբադում գտնվող զինված թուրքերը կոտորեցին ու թալանեցին Ներքին Ագուլիսը։ Ներքին Ագուլիսում ողջ մնացած մարդիկ շտապեցին փախչել և հաստատվել Վերին Ագուլիսում։ Օրդուբադի թուրք հրամանատար Էդիֆ բեյը շտապեց հայերին հավատացնել, որ կկանխի կոտորածներն ու հայերին ոչինչ չի պատահի, սակայն թուրքական զորքերի թիվը գնալով ավելանում էր։ Ամենամեծ վայրագությունները տեղի ունեցան դեկտեմբերի 25-ին։ Այդ օրերի սարսափելի իրադարձությունների մասին մանրամասն պատմում է Տեր-Անտոնյանը.

«Գիշերը հրդեհը բռնեց ամբողջ քաղաքը, և քաղաքում խրախճանք էր կատարվում։ ….Երբ բնակիչները մտրակներով դուրս քշվեցին, ես լսեցի հրացանաձգություն, ոչ թե անկարգ, այլ համազարկերով։ Համազարկերը շարունակվեցին մոտ երկու ժամ։ Ո՛չ մի կասկած չկար, որ համազարկերը տրվում էին կատարելապես կազմակերպված զորամասերի կողմից։ Երբ համազարկերը լռեցին, իմ պահված սենյակը բերին 30-ի չափ գեղեցիկ հայուհիներ` օրիորդներ ու տիկիններ։ Սկսեցին սենյակ մտնել ոստիկանապետ Մունշիևը, նախկին տանուտեր Վահաբ էֆենդին, Սաթթարը և ուրիշներ, որոնք մեկ-մեկ երկու-երկու ընտրում ու դուրս էին տանում գեղեցիկ հայուհիներին` նախօրոք խլելով նրանց մոտի զարդեղեններն ու դրամը։ Դուրս տարած հայուհիներին բռնաբարում էին հարևան սենյակում։ Նույն սենյակում, մահճակալի տակ, պառկած էր թալանված Սարգիս Մսրխանյանը, որի կնոջ ու երկու զավակներին սպանել էին հենց իր աչքի առջև։ Նրա խորհրդով, մենք դուրս եկանք հետևի դռնից-ոչ ոք չէր հսկում, ամենքը զբաղված էին բռնաբարություններով-և այգիների միջով հասանք ավերակ Դանակերտ գյուղը ու այստեղից էլ Ցղնա ու Զանգեզուր, որտեղից ես եկա Երևան։ Ես ինքս տեսա, թե ինչպես թալանին ու սպանություններին մասնակցում էին տեղական թուրքերը, որոնցից կարող եմ տալ վաճառականներ Համզայի, Հյուսեյին Կուլիի, Իբրահիմի և ուրիշների անունները։ Կոտորածն ուներ բոլորովին կազմակերպված բնույթ։ Անկասկած, նախաձեռնությունը բխում էր բարձր իշխանությունից, իսկ թալանին ու կոտորածին մասնակցում էր տեղական պաշտոնեությունը։ Իհարկե, եթե իշխանությունը կամենար, ո՛չ թալանը կլիներ և ո՛չ կոտորած»։ (Հատվածը վերցված է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից։ Երևան, 1993 թվական, էջ 359):

Ագուլիսի կոտորածներն ու վայրագությունները տարածվեցին Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Վայրագությունները մեծ բարկություն առաջացրեցին հասարակության մոտ։ Ագուլիսի կոտորածի մասին հեռագիրը Երևան հասավ միայն դեկտեմբերի 29-ին։ Իսկ օրեր անց Թավրիզից հեռագիր ստացվեց, որ Ագուլիսն այլևս գոյություն չունի։ Այդ ժամանակաշրջանի տեղեկությունները հայտնում են, որ Ներքին Ագուլիսում կոտորվեց մոտ 400 մարդ, իսկ Վերին Ագուլիսում` 1000-ը։ Ողջ մնացած կանայք ու երեխաները հանձնվեցին թուրքերին։

Երևանում Ագուլիսի վայրագությունների մասին տեղեկանալով՝ հայտնեցին գնդապետ Հասկելին և դաշնակիցներին, սակայն ամեն ինչ ավարտվեց միայն կոչերով, ցավակցություններով և կեղծ արդարացումներով։ Միջազգային հանրությունը հերթական անգամ աչք փակեց հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործության համար։ Հետագայում հայերը Ագուլիսի վրեժը լուծեցին։ Սակայն ինչպես Թավրիզից ստացված հեռագրում էր գրված. «Քարտեզի վրա Ագուլիս այլևս գոյություն չունի»։

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս