«Չեմ տեսնում, որ իմ հանձնարարականը պատշաճ ձևով է իրականացվում». Փաշինյան

Կառավարությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականի ծրագրերի համար հատկացրեց լրացուցիչ 400 միլիոն դրամ՝ յուրաքանչյուր կիսամյակին՝ 200-ական մլն դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով նախագիծը, մասնավորապես նշեց.

«Ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ առաջինը՝ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, երկրորդ բաղադրիչը՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար, և երրորդը՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն։ Ես ցանկանում եմ շեշտել հատկապես այս ծրագիրը. բավականին մեծ է դիմելիությունը այս ծրագրին:

Ըստ էության, եթե ընտանիքում ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, այդ վարկի մնացորդի 10 տոկոսի չափով՝ գյուղերում, և Երևանում՝ 5 տոկոսի չափով, բայց ոչ ավել՝ քան 500 հազար դրամ աջակցություն է տրվում, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 2 միլիոն դրամ։

Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը, և ընտանիքում երրորդ երեխան է ծնվում, պետությունը մինչև 4 միլիոն դրամական աջակցություն է տրամադրում»:

Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ ծրագրի մեկնարկից սկսած՝ արդեն 3250 շահառու ընտանիք ծրագրից օգտվել է, և պետության մասնակցությունը ծրագրին մոտ 2,2 միլիարդ դրամ է։

«Մենք նախատեսում ենք, որ այս տարի ծրագրից կօգտվի 2500 շահառու ընտանիք։ Այսինքն՝ դա մոտավորապես այնքան է, որքան 2020 և 2021 թվականների ցուցանիշները միասին վերցված։ Եվ 2022 թվականին արդեն ծրագրից  օգտվել է շուրջ 900 շահառու։ Այս պահի դրությամբ էլ ունենք 150 բավարարված հայտ, և այս նախագծի ընդունման դեպքում անմիջապես նրանց գումարներն էլ կվճարվեն»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս