Բաժիններ՝

Բայդենի խորհրդականը Թուրքիային հիշեցրել է Սիրիայում ապաէսկալացման կարևորության մասին

Ազգային անվտանգության խնդրով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընի հետ զրույցի ընթացքում կոչ է արել Անկարային՝ ձեռնպահ մնալ Սիրիայում էսկալացումից: Այդ մասին հաղորդում է Սպիտակ տունը:

«Նա հայտարարել է այն մասին, թե որքան կարեւոր է Սիրիայում էսկալացումից ձեռնպահ մնալը հրադադարի գոյություն ունեցող գծերը պահպանելու եւ հետագա ապակայունացումից խուսափելու համար»,-ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ: Սալիվանը զրույցի ընթացքում նաեւ կոչ է արել Թուրքիային՝ շարունակել երկխոսությունը արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում՝ բոլոր տարաձայնությունները կարգավորելու համար: Բացի այդ, Սալիվանը եւ Քալընը քննարկել են «իրենց ջանքերը, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքին հնարավորություն տրվի հայտնվելու աշխարհի շուկաներ»:

Ավելի վաղ «Անադոլու» գործակալությունը հաղորդել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ: Մասնավորապես, զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ «Քրդաստանի աշխատանքային կուսակցության սիրիական թեւի ահաբեկիչները շարունակում են հարձակումները Թուրքիայի եւ Սիրիայի խաղաղ բնակչության վրա»: «Թուրքիայի ղեկավարը ռուսաստանցի պաշտոնակցին ի գիտություն է հայտնել Սիրիայում այն գոտու բացակայության փաստը, որն ահաբեկիչներից մաքրված լինի Թուրքիայի սահմանից 30 կիլոմետր խորությամբ»,-նշում է գործակալությունը: Էրդողանի խոսքով՝ չնայած այն բանին, որ Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի շրջաններն ահաբեկիչներից մաքրելու մասին Թուրքիայի պահանջն առանձին կետով ընդգրկվել է 2019 թվականի համաձայնության մեջ, այդ հարցը դեռեւս բաց է մնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս