Ուրուգվայում կրակ են բացել արգենտինական ակումբի երկրպագուներին տեղափոխող ավտոբուսի վրա
Հարավամերիկյան գավաթի (Copa Sudamericana) 1/16 եզրափակիչի շրջանակում կայացած «Նասիոնալ» — «Տիգրե» հանդիպումն Ուրուգվայում ավարտվել է արտակարգ միջադեպով: Խաղից հետո անհայտ անձինք ինքանձիգներից կրակ են բացել արգենտինական ակումբի երկրպագուներին տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ։
Ինչպես հաղորդում են ուրուգվայական El País-ն ու ոստիկանությունը, միջադեպը տեղի է ունեցել ուշ գիշերով։ Արգենտինացի երկրպագուները Մոնտևիդեոյում իրենց թիմի վստահ հաղթանակը (3-0) տոնելուց հետո ուղևորվում էին դեպի Կոլոնիա դել Սակրամենտո քաղաք։ Բազմաթիվ կրակոցների հետևանքով ավտոբուսում գտնվող երկրպագուներից մեկը հրազենային վնասվածքներ է ստացել ձեռքերի շրջանում։
Տուժածին անմիջապես տեղափոխել են Մոնտևիդեոյի հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ակումբը կազմակերպել է նրա ապահով տեղափոխումը Բուենոս Այրես:
Տեղի ունեցածին անմիջապես արձագանքել է «Տիգրեի» մամուլի ծառայությունը՝ հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ.
«Մեր ակումբը կատեգորիկ դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում։ Ֆուտբոլը պետք է տոն լինի, և մենք ոչ մի պարագայում չպետք է հանդուրժենք, որ մեր մարդկանց անվտանգությունը վտանգի ենթարկվի»:
Արգենտինական TyC Sports պարբերականի փոխանցմամբ՝ միջադեպին նախորդել էր հանդիպման շուրջ ստեղծված բավականին լարված մթնոլորտը: Խաղի ընթացքում ստադիոնում միացրել են «Superestrella» երգը, որն ասոցացվում է Իսպանիայի ազգային հավաքականի հետ, որին արգենտինացիները պարտվել էին ԱԱ-2026-ի եզրափակիչում:
Բացի այդ, խաղի ավարտից հետո «Տիգրեի» ֆուտբոլիստները խաղադաշտում պարզել են «Մալվինյան կղզիները պատկանում են արգենտինացիներին» գրությամբ պաստառ (ճիշտ այնպիսին, ինչպիսին ցուցադրել էր Արգենտինայի հավաքականը՝ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Անգլիային հաղթելուց հետո): Այս ամենի ֆոնին արգենտինացի երկրպագուներն էլ իրենց թիմի հաղթանակը տոնել են «Ով չի ցատկում, նա անգլիացի է» սադրիչ վանկարկումներով:

