Սուրեն Պապիկյանը չի կարողանո՞ւմ վերահսկել իր խորհրդականներին
Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից հետո ամեն առիթի հայտարարում է, թե հասնելու են, ավելին՝ հասել են բանակի ապաքաղաքականացմանը: Մինչդեռ բանակը հենց իր իշխանության օրոք է քաղաքականացվել՝ երկրի անվտանգությանը սպառնալու աստիճան:
Եթե պաշտպանության նախարարը քաղաքական թիմի անդամ է, իսկ պաշտոնը՝ քաղաքացիական, դա դեռ չի նշանակում, որ բանակի, պաշտպանական գերատեսչության անունը պիտի քաղաքական մանր-մունր թեմաներում շոշափվելու առիթներ ստեղծվեն:
Իսկ դրանք խոշորացույցի տակ ենք պահում, որովհետև ինչպես նշեցինք՝ Նիկոլ Փաշինյանը սիրում է գլուխ գովալ, թե իրենք բանակը ապաքաղաքականացրել են, իսկ լրագրողներին չսիրող, բայց նախկին լրագրողի հետ իշխանափոխության հասած պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շատ ուշադիր հետևում է ոչ իշխանական լրատվամիջոցների հրապարակումներին: Լավ կլիներ, որ նույն ջանասիրությամբ հետևեր իր խորհրդականների գրառումներին՝ տալով համարժեք արձագանք: ՊՆ ցանկացած պաշտոնյա, ՊՆ ցանկացած խորհրդական, օգնական պետական մարմին են ներկայացնում, պաշտպանության գերատեսչության ղեկավարին: Ըստ այդմ՝ իրենց քաղաքական նախասիրությունները ստիպված են հրապարակային զսպել:
Խոսքն այս դեպքում Պապիկյանի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանի մասին է, որի ՊՆ-ում հայտնվելն աբսուրդ ժանրից էր, երբ աշխարհում վաղուց ընթացքի մեջ է 6-րդ սերնդի պատերազմը:
Ի դեպ, 2020-ի հոկտեմբերի 31-ին, երբ գրեթե ամեն ինչ կորցրել էինք, Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում վստահեցնում էր, որ «հակառակորդի միջոցներն առաջին օրերին խոցել ենք, բանակն իրավիճակին տիրապետում է, ավելի կազմակերպված մարտ ենք վարում, կարճ ժամանակ հետո կլսեք մեր բանակի հաղթանակի մասին»:
Պետրոսյանը խոսել էր նաև հակաօդային պաշտպանության մասին՝ ասելով, որ «օր օրի այդ միջոցներն ավելանում են, և մինչև ամսի 5-ը կունենանք միջոցներ, որոնցով ամբողջությամբ կփակենք օդը»:
Վերադառնալով բուն ասելիքին, նշենք, որ ՊՆ խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը ընդդիմադիր պայքարի դուրս եկածների հասցեին տարբեր որակումներ պարունակող գրառումներ է անում ֆեյսբուքյան իր էջում՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը որևէ մեկի առջև ծնկի չի եկել և չի գալու, և կոչ անելով, որ «ում մեջքին խաչ կա արած կամ զինվորական կամուֆլյաժով են, թող հավաքեն տանեն առաջնագիծ»:
«Մայրաքաղաքում Արցախ «փրկողները», դրանք հիմնականում պատերազմից խուսափած, զին. ծառայությունից անօրինական ազատված, ազգի դժվարությունների ժամանակ կնոջ կամ մոր փեշերի տակ պատսպարվածներն են: Նրանք այդ թաքստոցից դուրս են գալիս արտաքին վտանգների բացակայության, ներքին խաղաղությունը ապակայունացնելու համար»,- գրել է Պետրոսյանը:
Ի՞նչ է ստացվում՝ ՊՆ խորհրդականը գտնում է, որ այս պահին, երբ ընդդիմությունը դուրս է եկել փողոց, արտաքին վտանգներ չկա՞ն: Իսկ Նիկոլ Փաշինյանը վերջերս շատ հաճախ է սկսել խոսել Հայաստանի՝ արտաքին լրջագույն մարտահրավերների առջև կանգնած լինելուց:
Երկրորդ՝ Ռազմիկ Պետրոսյանը լավ կանի հիշի 2020-ի նոյեմբերին՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո իր «թեթև ձեռքով» կազմակերպված Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքը, որոնք Հանրապետության հրապարակ էին եկել մաքուր և նոր կամուֆլյաժներով, տեղյակ չէին, որ Հադրութն արդեն թուրքի ձեռքին է, իսկ Ջաբրայիլն էլ Քելբաջարը չի:
Դեռ չենք խոսում «իմքայլականների» մեծամասնության բանակում չծառայած լինելու փաստից՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Իսկ Հանուն Արցախի և Հայաստանի պայքարի դուրս եկած երիտասարդներից շատերն արցախյան մեկ կռվի չէ, որ մասնակցել են:
Երրորդ, ՀՀ պաշտպանության նախարարության կանոնադրությունը հստակ լիազորություն է սահմանում նաև ՊՆ խորհրդականների, օգնականների համար:
Նախարարության խնդիրներին և նպատակներին վերաբերող գլխում, մասնավորապես, նշվում է, որ նախարարի խորհրդականը`
1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագիրը.
2) պարբերաբար նախարարին է ներկայացնում զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
5) նախարարի որոշմամբ կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.
6) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իր հանձնարարված հարցերի քննարկումներ.
7) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
Միգուցե Ռազմիկ Պետրոսյանը հաշվետու լինի, թե որքանով է կատարում խորհրդականի պարտականությունները: Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը միգուցե ավելի խիստ լինի իր թիկնապահների և խորհրդականների նկատմամբ…