Արմեն Գրիգորյանից շատերը նեղված են, բայց դա չի նշանակում, որ նա «հանցագործ» է. Պարգև Օհանյան

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը, անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին ու նրա կալանավորմամը, իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել ծավալուն մասնագիտական մեկնաբանությամբ։

«Արմեն Գրիգորյանից,գիտեմ, շատերը նեղված են, վիրավորված՝ իր խոսքերի համար, որոնք ազգային, մարդկային, բարոյական, հատկապես հոգևոր տեսանկյունից անընդունելի են, պարսավելի, «դատապարտելի»…

Բայց դա չի նշանակում, որ նա «հանցագործ» է, նրա արարքում առկա է ՀՀ քր. օր. 226 հոդվածով նախատեսված հանցակազմ.այն է՝ ազգային թշնամանք հարուցելուն կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունններ, հետևյալ պատճառներով.

1. Պետք է լինի ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ: Այսինքն՝ հանցակազմի «օբյեկտիվ կողմը» / մասնագիտական է,կներեք/ արտացոլված է հենց հոդվածի դիսպոզիցիայում: Արարքն անգործությամբ չի կարող կատարվել. ընդամենը խոսել է, խոսք է ասել,անուղղակի խոսք՝ ինչ-ինչ տեղեկատվության հիման վրա /ինչպես,եթե չեմ սխալվում,ինքն է բացատրել/.անկասկած վիրավորական,բայց խոսք,որը /լեզվաբանները գիտեն/գործողություն կարող է ցույց տալ, եթե պատասխանում է՝«Ինչ անել»հարցին,այսինքն՝ բայ է;Մինչդեռ,որքան հիշում եմ,նրա խոսքերը պատասխանում են՝ «ինչ,ինչեր,ով ովքեր» հարցերին,այսինքն՝ գոյական են կամ՝ «ինչպիսի» հարցին՝ ածական և գործողություն ցույց չեն տալիս:

2.ՈԻշադրություն դարձնենք նաև «ուղղված» բառի վրա, «…ուղղված գործողություն» բառակապակցության վրա: Օրենսդիրը, ակնհայտորեն,նկատի ունի այնպիսի գործողութուն կամ գործողություն արտահայտող խոսք՝ «կոչ», որը ազգային թշնամանք հարուցելուն է ՈՒՂՂՎԱԾ կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն: Հակառակ պարագայում կգրեր՝«Ազգային թշնամանք հարուցող կամ ազգային արժանապատվությունը նվաստացնող գործողություն/ներ/ը»:

3.Այլ կերպ ասած, արարքը /գործողությունը/ պետք է կատարված լինի միայն և միայն ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ. ազգային թշնամանք հարուցելու կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելու դիտավորությամբ: Ընդ որում՝ ՈՒՂՂԱԿԻ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ, քանի որ օրենքը /226 հոդվածը/ ավարտված հանցագործության համար քրեական պատասխանատվությունը չի կապում հանցավոր արարքի որոշակի ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ հետ, որի դեպքում հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված,եթե դա կատարող անձը ա/ գիտակցել է իր արարքի՝ հանրության համար վտանգավոր բնույթը և բ/ ցանկացել է դա:

Ակնհայտ է, որ Ա. Գրիգորյանը,եթե անգամ,գիտակցել էլ է իր «արարքի»,իր խոսքի՝ հանրության համար վտանգավոր բնույթը,սակայն չի ցանկացել / և չէր կարող ցանկանալ/ ազգային թշնամանք հարուցել կամ ազգային արժանապատվություն նվաստացնել:

Ազգայինի համար պայքարող հայը հային, շիրակցին շիրակցուն ինչպես կարող է ազգային թշնամանք հարուցելու կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելու ցանկություն ունենալ…

ԵՎ որքան էլ շիրակցին, լոռեցին, արարատցին, ապարանցին, ղարաբաղցին, սիրիահայը, պարսկահայը, կախված տարածաշրջանային տարբեր գործոններից, որոշակի տարբեր մշակույթներ ունենան, տարբեր բարբառներով խոսեն, նրանք բոլորը, մենք մի ազգ ենք, ՀԱՅ,խոսում ենք,գրում ենք հայերեն,ընդհանուր հայկական մշակույթի կրողներ ենք…

Հակիրճ այսքանը, իմ կարծիքով:Համոզված եմ ,որ հիմնավոր կասկածի,կալանավորման հիմքերի և մնացած այլ հարցերի հետ կապված՝ Ա.Գրիգորյանի պաշտպաններն արհեստավարժ են, անհրաժեշտն անում են ու կանեն:Մնում է դատարանը ճիշտ գնահատի…Աստված ողորմի և միավորի մեր պառակտված ազգին»։

Տեսանյութեր

Լրահոս