Հաշվեքննիչ պալատը ՏԿԵ նախարարությունում միլիոնավոր դրամների անհամապատասխանություններ է արձանագրել

Հաշվեքննիչ պալատը մայիսի 19-ի արտահերթ նիստում հաստատել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը։

ՀՊ-ն նախարարության ֆինանսական ցուցանիշներում արձանագրել է էական անհամապատասխանություններ՝ մասնավորապես, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կառուցում և հիմնանորոգում ծրագրի և Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագրի համակարգում և կառավարում ծրագրի «Տեխնիկական հսկողության և նախագծերի մանրամասն վերանայում» խորհրդատվական ծառայություններ միջոցառումներում:

Օրինակ, շինարարական աշխատանքները սահմանված ժամկետներում չավարտելու պայմաններում չեն հաշվարկվել ժամկետանց օրերի համար պայմանագրերով սահմանված տույժերը 1 միլիարդ 531 միլիոն 568 հազար դրամի չափով։

Ծրագրի շրջանակում նախագծերով և պայմանագրերով նախատեսվել է իրականացնել 285976 քմ պահանջվող առնվազն 6սմ-ի փոխարեն 5սմ հաստությամբ խոշորահատիկ ասֆալտբետոնե շերտի կառուցման աշխատանքներ 1 միլիարդ 209 միլիոն 298 հազար դրամի չափով:

Նախատեսվել է ծրագրի միջոցների հաշվին իրականացնել BEELINE-ի, ROSTELECOM-ի և VEOLIA-ի հաղորդակցուղիների տեղափոխման աշխատանքներ 890 միլիոն 493 հազար դրամի չափով՝ մինչդեռ, օրենքի համաձայն, դրանք պետք է տեղափոխվեն կամ վերաշինվեն դրանց սեփականատերերի հաշվին։

813 միլիոն 424 հազար դրամ էլ ավել է հաշվարկվել գնային փոփոխություններին առնչվող դրվագում:

Պարզվում է` այս միջոցառումներում ինժեների դերակատարումը չի եղել ի նպաստ կատարվող աշխատանքների. հաշվեքննությունից տեղեկանում ենք, որ չունենալով նախագծային փոփոխություն կատարելու իրավունք՝ ինժեների կողմից կատարվել է նախագծային փոփոխություն և 289878 քմ 8սմ հաստությամբ սև խճի շերտը փոխարինվել է 8սմ հաստությամբ բիտումով կայունացված ավազակոպճային շերտով, որի վերաբերյալ որևէ հաշվարկ չի ներկայացվել: Սա չի բերել ճանապարհածածկույթի բարելավման, փոխարենը՝ պայմանագրային գներն ավելացվել են 625 միլիոն 722 հազար դրամով։

Համաձայն պայմանագրի` ինժեներն ամսական առաջընթացի հաշվետվություններում պետք է նշի աշխատանքների ցանկացած ուշացման պատճառները, բացատրությունը և դրանց հաղթահարման առաջարկությունները, սակայն, թեև ոչ մի Լոտով աշխատանքները չեն ավարտվել պայմանագրով սահմանված ավարտի ժամկետում և այդ օրվա դրությամբ ունեցել են սահմանվածից էականորեն պակաս առաջընթաց, ինժեները պատվիրատուին ոչ մի դեպքով չի տեղեկացրել հնարավոր ուշացումների մասին, չի կարգադրել կապալառուներին կիրառել այլ վերամշակված մեթոդներ և որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուշացումները թույլ չտալու համար։

Փոխարենը՝ առանց որևէ պատճառների կամ հիմնավոր պատճառների, աշխատանքների կատարման սկզբնական ժամկետը՝ 900 օրը, ինժեների առաջարկությամբ արդեն իսկ երկարաձգվել է ավելի քան 64%-ով՝ 578 օրով, ինչն էլ իր հերթին՝ բերել է պայմանագրային գնի ավելացումը 2 մլն 125 հազար ԱՄՆ դոլարով:

Ընդհանուր առմամբ, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի 3, 6 և 9 ամիսների կատարման հաշվեքննությամբ արձանագրվել են 14 անհամապատասխանություններ և 2 այլ փաստեր: Անհամապատասխանություններից միայն 5-ը վերացվել է, ևս երկուսի վերացման ուղղությամբ աշխատանքներն ընթացքում են:

Ի դեպ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ՀՀ պետական բյուջեի 2021 թվականի տարեկան ճշտված պլանով հատկացվել է շուրջ 117 միլիարդ 316 միլիոն 495 հազար դրամ, նախարարության կողմից իրականացված միջոցառումներից հաշվեքննություն է իրականացվել 12 միջոցառումների նկատմամբ, որոնց դրամարկղային ծախսը կազմել է 51 միլիարդ 207 միլիոն 776 հազար դրամ, փաստացի ծախսը՝ 53 միլիարդ 807միլիոն 444 հազար դրամ։

Տեսանյութեր

Լրահոս