Թուրքմեական գազը կհասնի՞ Հայաստան, թե՞ էլի կմնա կեսճանապարհին

«Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցությունները սկսվել են, և մենք շուտով այդ առումով լավ արդյունքների կհասնենք՝ երկրի գազային ցանցի բարձր թողունակության շնորհիվ»,- օրերս հայտարարեց Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին: Նախարարը հավաստիացրեց, որ Իրանը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել «սվոփ» համակարգի միջոցով:

«Սվոփը» մի համակարգ է, երբ Իրանն իր սահմանին ստանում է թուրքմենական գազը, իսկ Հայաստանի սահմանին մատակարարում է իրանականը։

Սա համագործակցության մի ձև է, որի վերաբերյալ խոսակցությունները շատ վաղուց են սկսվել։ Բանակցություններ բազմիցս վարվել են, բայց տարբեր պատճառներով, դրանք վերջնական արդյունքի չեն հանգեցրել։

Ի՞նչ կլինի այս անգամ, ցույց կտա ժամանակը։ Չնայած Իրանի նավթի նախարարի լավատեսությանը, դեռ վաղ է ասել, թե ի վերջո բանակցություններն ինչպես կավարտվեն։ Մեկ անգամ չէ, որ դրանք շատ մոտ են եղել հանգուցալուծման, սակայն վերջին պահին գործարքը չի կայացել։

Հուսանք, այս անգամ այդպես չի լինի, թեև դրա հետ կապված բազմաթիվ հարցականներ կան։

Թուրքմենական գազը սովորաբար ավելի էժան է։ Բայց արդյո՞ք այնքան էժան, որ կարող է փոխարինել ռուսականին։ Հայաստանը ռուսական գազը ստանում է արտոնյալ պայմաններով, որի արդյունքում գինը անհամեմատ ավելի մատչելի է։

Վերջին վերանայումներից հետո այն կազմում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար, որի վրա ավելանում է նաև կալորիականության գինը՝ ևս 10 դոլար։ Ստացվում է 175 դոլար։ Իրանական գազը, որը մատակարարվում է տարածաշրջանի երկրներին, սրանից առնվազն կրկնակի թանկ է։ Դրա համար էլ, չնայած այս թեմայի շուրջ տարիներ շարունակ շահարկումներ են եղել, Հայաստանն իրանական գազ չի գնել։

Ընդ որում, այդ շահարկողներից մեկն էլ եղել է Նիկոլ Փաշինյանը։ Բայց նրա իշխանության գալուց հետո էլ Հայաստանը Իրանից գազ չգնեց, չի գնում նաև հիմա, որովհետև ինչպես նախկինում, այնպես էլ այժմ այն անհամեմատ ավելի թանկ է, քան ռուսական գազը։

Հայաստանը Իրանից գազ ստանում է, սակայն բացառապես փոխանակման նպատակով։ Գազի դիմաց մատակարարում է էլեկտրաէներգիա։

Սա էլ նոր չի սկսվել և գործում է դեռևս 2010թ. սկսած։ Ծրագրի շրջանակներում ստացված իրանական գազի 1 խորանարդի դիմաց հետ ենք վերադարձնում 3 կիլովատտ հոսանք։

Այս պայմանավորվածության ժամկետը մոտենում է ավարտին, ու հիմա քննարկվում է նոր պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Իրանական կողմը որոշակի վերապահումներ ունի նախկինում գործող պայմանավորվածությունների հետ կապված։ Ուստի՝ մտադիր է նոր պայմանագրով ավելացնել գազի դիմաց մատակարարվող էլեկտրաէներգիայի քանակը։

Ինչպիսի՞ն կլինեն բանակցությունների արդյունքները, շուտով պարզ կդառնա։

Եթե փոխվի գազ-էլեկտրաէներգիա գործող հարաբերակցությունն այնպես, ինչպես ակնկալում է իրանական կողմը, դա չի բխելու Հայաստանի շահերից։ Որքան ավել լինի մատակարարված գազի դիմաց վճարվող էլեկտրաէներգիան, այնքան նվազում է գործարքի արդյունավետությունը։ Միակ առավելությունն այն է, որ հետագայում այն ընդլայնվելու է։ Թեև վաղուց արդեն պիտի ընդլայնված լիներ, եթե գործարկվեր Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը։ Այն թույլ կտար եռապատկել Իրանի հետ էներգափոխանակման ծավալը։ Դրա դիմաց կավելանար նաև Իրանից գազի ներմուծումը։

Սա վաղուց ձեռք բերված համաձայնություն է, սակայն անընդհատ հետաձգվում է՝ երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ուշացումների հետևանքով։ Այն շահագործման պիտի հանձնվեր դեռևս 2019թ.։ Բայց մինչև հիմա կիսատ է։

Ծրագիրը նախկինում էլ դանդաղ էր ընթանում, իշխանափոխությունից հետո ընդհանրապես դանդաղեց։ Այն պիտի շահագործման հանձնվեր 3 տարի առաջ, սակայն դեռ շատ անելիքներ կան։

Ակնկալվում է, որ գծի կառուցումը կավարտվի հաջորդ տարվա վերջին։

Թեև դատելով նախորդ շրջանում բազմիցս արված նման հավաստիացումներից, որոնք այդպես էլ չեն իրականացել, ոչ մի հիմք չկա հավատալու, որ այս անգամ այդ ժամկետը կպահպանվի։

Ընդհանրապես վերջին տարիներին հայ-իրանական ծրագրերը շատ պասիվ են։ Խոսքը ոչ միայն էներգետիկ, այլև այլ տնտեսական ծրագրերի մասին է։

Էներգետիկայում կան նախկինից մնացած մի շարք ծրագրեր, որոնց իրականացման մասին արդեն նույնիսկ անիմաստ է խոսելը։ Դրանք այլևս իրականանալու հեռանկար չունեն։

Ժամանակին թվում էր, թե շատ մոտ է Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագիրը։ Անցել է 4 տարի, սակայն հեռանկարում այդպես էլ ոչինչ չկա։

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են խոսակցությունները՝ հայ-իրանական համագործակցության ընդլայնման, այդ թվում՝Իրանի միջոցով թուրքմենական գազը Հայաստան հասցնելու վերաբերյալ։ Բայց դա կարող է լինել այն պարագայում, եթե թուրքմենական գազի գինն ավելի մատչելի լինի, քան ռուսականը։ Այլապես այդպիսի գործարքը, առնվազն տնտեսական ու ֆինանսական առումով տրամաբանություն չի ունենա։

Հայաստանի ներքին սպառումը նստած է բացառապես ռուսական գազի վրա։

Արդո՞ք թուրքմենական գազի ներմուծումը, եթե իրականանա, գալիս է փոխարինելու ռուսական գազին, թե՞ պարզապես գործ ունենք գազ-էլեկտրաէներգիա փոխանակումների շրջանակներում իրանականի փոխարեն թուրքմենական գազի օգտագործման հետ, և դա ոչ թե Հայաստանի, այլ Իրանի նախաձեռնությունն է։

Այս հարցի պատասխանն առայժմ անհայտ է։ Կառավարությունը չի շտապում մեկնաբանել Թուրքմենստանից Հայաստան գազ տեղափոխելու վերաբերյալ Իրանի նավթի նախարարի հայտարարությունը։ Իսկ դա նշանակում է, որ այստեղ ինչ-որ բան այնուհանդերձ այնպես չէ։ Այլապես հիմա վաղուց էին մեծ իրարանցում առաջացրել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս