Բաժիններ՝

Մարզային 2 բուհում մաթեմատիկա մասնագիտությամբ որևէ մեկը չի դիմել, թատերագիտություն, կինոգիտություն և ազգային նվագարանների բաժինները ևս դիմորդ չունեն

«Այս տարվա ընդունելության կարգում փոփոխություններ են եղել: Հայտագրվողների թիվը նախորդ տարիների հետ համեմատած ավելի մեծ է, և դա ունի իր պատճառները: Նախորդ տարվա հետ համեմատած՝ դիմորդների թիվը կազմել է 13573՝ 13120-ի փոխարեն: Այս թվի մեջ ներառված են նաև ներբուհական քննություն հանձնողները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ մանրամասնելով, որ ներբուհական քննություն հանձնում են արվեստի, մշակույթի, սպորտի բնագավառի բուհերում: Այդ բուհերն իրենք են կազմակերպում քննություններ, նրանց քննությունները միասնական չեն:

Նրա փոխանցմամբ՝ մայիսի 10-ին ավարտվել է հայտագրումը, ամենամեծ թիվը գրանցվել է անգլերեն առարկայից՝ 5587 հոգի: Երկրորդ տեղում մաթեմատիկան է՝ 5429, իսկ երրորդ տեղում հայոց լեզու և հայ գրականությունն է: Մնացած բոլոր առարկաները 1600 և պակաս թվեր են:

«Ի՞նչն է պատճառը, որ անգլերենի դիմորդների թիվն այսքան շատ է: Երբ նայում ենք միասնական քննությունների ցանկը, տեսնում ենք, որ չնչին բացառությամբ անգլերեն քննությունն ընտրված է համարյա բոլոր մասնագիտություններում՝ լինեն հումանիտար, տնտեսագիտական, թեկուզև բնագիտա-մաթեմատիկական հոսքի: Ավելացել է նաև բնագիտա-մաթեմատիկական քննություն հանձնողների թիվը. նախկինում, եթե ֆիզիկայից շատ քիչ դիմորդներ էինք ունենում, այս տարի ինձ համար զարմանալիորեն ֆիզիկայի քննություն է հանձնում 1585 դիմորդ: Կենսաբանություն և քիմիա առարկաներից հիմնականում քննություններ հանձնում են բժշկական մասնագիտությամբ դիմորդները, ֆիզիկան շատ քիչ էին ընտրում, իսկ այս տարի 1585 թիվը նշանակում է, որ բնագիտա-մաթեմատիկական հոսքերի, մասնագիտությունների դիմորդներն նախընտրել են ֆիզիկան»,- նշեց Կարո Նասիբյանը:

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրենն ընդգծեց՝ նոր կարգով այս հունիսի քննությունը դառնում է երկրորդ փուլի քննություն: Առաջին քննությունը նոր կարգով կազմակերպվելու է հունվարին: Առաջին փուլում դիմորդները միայն առարկաներն են հայտագրում, մասնագիտություն չեն հայտագրում: Երկրորդ փուլում հայտագրելու են և՛ մասնագիտություն, և՛ առարկա:

«Հիմա, մեզ համար հին կարգով սա առաջին փուլն է, բայց նոր կարգով երկրորդ փուլն է, հայտագրել են և՛ առարկաներ, և՛ մասնագիտություններ: Հանել ենք 5 բուհերի պահանջված մասնագիտությունները. ԵՊԲՀ-ում բուժական գործ, ԵՊՀ-ի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, ՀՊՏՀ-ում՝ կառավարում մասնագիտությունը, 4-րդ տեղում ԵՊՀ-ի իրավագիտությունն է, 5-րդ տեղում ՀՊՏՀ-ի ֆինանսներ մասնագիտությունը: Ունենք մասնագիտություններ, որոնց ընդհանրապես չեն դիմել: Ինձ համար զարմանալի էր, որ Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանում մաթեմատիկա մասնագիտությամբ որևէ մեկը չի դիմել: Նույնը նաև Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական համալսարանում: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում էլ թատերագիտություն, կինոգիտություն մասնագիտությունների համար որևէ դիմորդ չունենք: Դիմորդ չունենք Կոնսերվատորիայի ազգային նվագարանների գործիքներից՝ շվի, սրինգ, սանթուր, տավիղ, բլուլ: Դիմորդ չունենք նաև ջութակի, դիրիժորական բաժիննում»,- ասաց Կարո Նասիբյանը:

168.am-ը հետաքրքրվեց, թե հունվարին մեկ քննության համար վարձավճարը 4500 դրամ է, հունիսին և հուլիսին կազմակերպվող քննությունների վարձավճարը մեկ առարկայի համար 1500 դրամ է՝ ո՞րն է պատճառը, Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրենը պատասխանեց.

«Պատճառը շատ պարզ է. հունիսի և հուլիսի քննությունների համար պետական բյուջեից Գնահատման և թեստավորման կենտրոնը գումար ունի, ստանում է, իսկ հունվարի քննությունները քանի որ կամավոր են, պետությունը մեզ որևէ գումար չի փոխանցում, և չնայած, մեկ քննությունը ԳԹԿ-ի վրա նստում է 6500 դրամ, չենք գնացել այդ բարձր թվին, ինչ-որ տեղ նաև մեր միջոցների հաշվին իջեցրել ենք մինչև 4500 դրամի: Եթե հունվարի քննությունների համար մեզ գումար տրվեց, որևէ խնդիր չունենք, որ դարձնենք 1500 դրամ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս