«Որոշված է, խոշորացվելու է․ ձեր ընտրած իշխանությունն է, ինչո՞ւ եք դժգոհում»․ Արագածավանի բնակիչները դեմ են Թալին համայնքի կազմում ընդգրկվելուն

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում կրքերը չեն հանդարտվում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամեն ինչ անում է, որպեսզի առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն Թալինում մեծամասնություն կազմի և միանձնյա որոշումներ կայացնի, ինչպես դա արեց Վեդի խոշորացված համայնքում։

Կառավարության մայիսի 13-ի հերթական նիստում գործադիրը որոշեց վաղաժամկետ դադարեցնել Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել: Պատճառը՝ 3 ամսից ավելի է՝ ավագանու նիստեր չեն անցկացրել։

168.am-ին, սակայն, հայտնի դարձավ, որ առնվազն մայիսի 5-ին գործադիրն այս որոշումը կայացրել էր և ակտիվ քարոզչությամբ է զբաղված։

Իշխանությանը մոտ կանգնած 168.amի խիստ գաղտնի աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ թիմը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ Թալինում կարող են միայն մեկ դեպքում հաղթանակ տանել, եթե խոշորացվող համայնքի կազմում այս անգամ ընդգրկեն նաև արդեն խոշորացված Արագածավան համայնքը։

«Փաշինյանը դաբրոն տվել է, թիմն էլ անցել է գործի։ Մասնավորապես՝ մայիսի 5-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարությունից, Արագածոտնի մարզպետարանից աշխատանքային խումբ է ուղևորվել Արագածավան համայնք, որպեսզի խոշորացման վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպեն։ Խնդիրը կայանում է նրանում, որ այդ հանդիպման մասին նախապես իրազեկում չի եղել, մարդիկ տեղյակ չեն եղել։ Մի քանի հազար բնակչություն ունեցող Արագածավանի բնակիչներից ընդամենը 100-150 մարդ է ներկա եղել այդ հանդիպմանը։ Ներկաները լսել են Կառավարության ներկայացուցիչ Աշոտ Գիլոյանին, Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանին, ապա դժգոհություն հայտնել խոշորացման ծրագրի վերաբերյալ, ինչին պաշտոնյաները շատ արհամարհական են վերաբերվել։ Մասնավորապես, Աշոտ Գիլոյանն ասել է՝ դե՛մ եք, ստորագրահավաք կազմակերպեք, իսկ երբ գյուղացիները հարցրել են, թե դա ի՞նչ կփոխի, պատասխանել է՝ ոչ մի բան, արդեն որոշված է, խոշորացվելու է։ Ասաց՝ ձեր ընտրած իշխանությունն է, ինչո՞ւ եք դժգոհում․․․ Գիլոյանը նաև հավելեց, որ խոշորացումն արդյունավետ ծրագիր է, և, որ Արագածավանը դրանից միայն շահելու է»,- ասաց մեր զրուցակիցը։

168.am-ը խոշորացման ծրագրի վերաբերյալ զրուցել է նաև Արագածավանի մի քանի բնակչի հետ, լսել նրանց կարծիքը։

«Վստահ կարող եմ ասել, որ Արագածավանի 90 տոկոսից ավելին դեմ է խոշորացմանը, մեզ պետք չէ՛ այդ խոշորացումը։ Արագածավանն արդեն իսկ խոշորացված համայնք է, ունի մի քանի հազար բնակիչ, կան դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ, հանքեր, մեր համայնքի բյուջեն մեծ է, մենք չենք ուզում, որ մեր բյուջեն տանեն Թալին ու ինչ-որ անհասկանալի խմբակ դա տնօրինի։ Եթե կարծում են, որ Արագածավանը ձայն է տալու Տավրոս Սափեյանին, ապա չարաչար սխալվում են։ Իշխանությունը թող լավ իմանա, իրենց պատկերացրածի լրիվ հակառակ էֆեկտն է լինելու, այս անգամ ոչ ոք չի խաբվելու իրենց սուտ խոստումներին։ Բոլորն էլ նույնն են, գյուղացին հոգնել է արդեն այդ կեղծիքից, մեզ միայն ընտրությունների ժամանակ են հիշում․․․»,- ասացին մեր զրուցակիցները։

Նրանց խոսքով՝ գյուղացիները շատ լավ հասկանում են, որ իշխանությունն այդ հանրային լսումներով նաև փորձել է մարդկանց տրամադրությունները ստուգել, բայց․

«Իրենք մի բան հաշվի չեն առել, որ Արագածավանի բնակիչները միասնական են, բոլորը դուրս կգան փողոց՝ ճանապարհներ կփակեն, երկաթգիծը կփակեն, այնպես որ՝ քանի դեռ ժամանակ կա, թող հետ կանգնեն իրենց այդ որոշումից, մեզ իրենց խոշորացումը պետք չէ։ Այո՛, դեմ ենք խոշորացմանը՝ պայմանավորված նաև Թալինի համայնքապետի թեկնածուի անձով, քանի որ նա մեզ համար անընդունելի կերպար է, «Ջրային կոմիտեն» իրենց վերահսկողության տակ են վերցրել, Թալինի համայնքապետարանն իրենց վերահսկողության տակ են վերցրել, հիմա էլ փորձում են Արագածավանը ղեկավարել, մենք դա թույլ չե՛նք տա․․․»։

168am-ը փորձեց կապ հաստատել ՏԿԵ նախարարության հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Հիշեցնենք, որ Արագածոտնի Թալին խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններն անցկացվել էին 2021 թվականի դեկտեմբերի 5-ին։ Ընտրությունների արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած մյուս 3 ուժերը՝ «Զարթոնքը», «Հայքը» և «Մեր համայնքը», կոալիցիա էին կազմել և մեծամասնություն դարձել։

Տեսանյութեր

Լրահոս