Զգում ենք, որ մեր հանդեպ անարդար են վարվել, քանի որ այդ մարդկանց հոգիներում բացակայում է Աստված
«․․․որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ. 5:6)
Մեր կյանքի այն իրավիճակներում, երբ տեսնում ենք այնպիսի զարգացումներ, որոնց ընթացքը կախված չէ մեզանից, և չենք համակերպվում դրանց հետ, զգում ենք, որ պակասն ունենք արդարության։ Անարդարության զգացումը վատագույնն է, որ մարդ կարող է ապրել՝ ծարավ լինելով արդարության։ Այդ իրավիճակներում ինքներս մեզ հարցնում ենք՝ որտե՞ղ է արդարությունը, և կամ էլ՝ որտե՞ղ է Աստված։
Նկատենք, որ այս հարցերով մենք ենթագիտակցորեն նույնացնում ենք Աստծուն ու արդարությունը՝ սկսելով փնտրել երկուսին։ Ինչո՞ւ։ Քանի որ քաջ գիտակցում ենք՝ Աստված իր ներկայությամբ բերելու է մեզ երանելի արդարությունը։
Արդարության ծարավը հագենալո՞ւ է
Զգում ենք, որ մեր հանդեպ անարդար են վարվել, քանի որ այդ մարդկանց հոգիներում բացակայում է Աստված։ Այդպիսով հասկանում ենք, որ ծարավ ենք Աստծո ներկայության, արդարության հաստատման։ Այս զգացումն ունենալով՝ միևնույն է, վստահ ենք, որ այդ պակասը շուտով լրացվելու է։ Չէ՞ որ ինը երանիների շարքում տեղ գտած այս մեկը հուշում է մեզ, որ արդարությունը երբեք ու երբեք չի ուշանալու․ «Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ. 5:6)։
Մենք լցվում ենք հավատքով ու խնդրում Աստծո արդարությունը՝ իմացած լինելով, որ այն անպայմանորեն գալու է։ Մենք աղոթում ենք ոչ թե անարդարների պատժի, այլ արդարության հաստատման համար, աղոթում ենք մոլորված և Աստծուն կորցրած մարդկանց շուտափույթ դարձի համար։ Ի՞նչ է արդարությունը, եթե ոչ սեր, և ի՞նչ է անարդարությունը, եթե ոչ բացակայություն Աստծո։
Ի՞նչ ենք ստանալու՝ արդարության հետ
Մատթեոսի Ավետարանում նշված է․ «Նախ խնդրեք Աստծո արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6:33)։
Աստված ձեզ ավելիով կտա՝ ասում է Ավետարանիչը, սակայն պետք է նաև ունենանք իրատեսությունը՝ հասկանալու համար, որ ինքներս էլ միշտ չէ, որ արդարների շարքերում ենք։ Միշտ չէ, որ տարբեր իրավիճակներում ամենաարդար լուծումներն ենք կարողանում տալ, միշտ չէ որ արդար ենք բոլորի հանդեպ։ Ուրեմն՝ արդարության ծարավով աղոթքի կանգնելուց առաջ ինքներս մեզ ոչ թե հարցնենք, թե որտե՞ղ է արդարությունը, այլ՝ արդյո՞ք իմ մեջ կա արդարությունը, արդյո՞ք իմ մեջ ապրում է Աստված։ Եվ արդարությունն ու Աստծուն մեր հոգիներում ապրեցնելու համար գործենք բարին՝ նոր միայն «վաստակելով» իրավունք՝ խոսելու այլոց որոշումներում արդարության բացակայության, այլոց հոգիներում Աստծո ներկայության մասին։ Չէ՞ որ արդարության ծարավը, Աստծո փնտրտուքը ամենից առաջ ծնվում է մեր ներսում։