Բաժիններ՝

Ոչ մի թունաքիմիկատ. Ֆերոմոնային թակարդներ՝ վնասատու ցեցերի դեմ

Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի ինստիտուտի չհագեցած բնական միացությունների լաբորատորիան առաջարկում է լոլիկի վնասատու ցեցի դեմ դաշտերում կիրառել ֆերոմոնային թակարդներ:

Մեթոդը մշակելու համար դրամաշնորհը տրամադրել է Գիտության կոմիտեն՝ թեմատիկ ֆինանսավորման ծրագրի շրջանակում:

Չհագեցած բնական միացությունների լաբորատորիայի վարիչ Հմայակ Սարգսյանի փոխանցմամբ՝ այս նոր, մշակած մեթոդը թանկ հաճույք է, բայց ապահովում է կայուն էկոլոգիական միջավայր, իսկ քիմիական միջոցները գուցե արդյունավետ են, սակայն վնասում են բույսերին: Ցեցերի էգերը բազմացման շրջանում արտադրում են ֆերոմոն, որոնցով գրավում են արուներին, դրանց անջատումը բավականին բարդ քիմիական աշխատանք է, իսկ ստեղծված թակարդներում առաջարկում են տեղադրել այս ֆերոմոնը: «Մենք ծրագրի ավարտական փուլում ենք, 1.5 ամսից կավարտենք, կտանք փորձարկման:

Այն չհագեցած բնական միացություն է՝ ացետատային խմբով, որի ստացումն այդքան էլ մատչելի չէ, բայց գտել ենք ստացման մեթոդը: Էգերն իրենց բազմացման շրջանում արտադրում են գրավչանյութեր, որոնցով գրավում են արուներին: Մենք այս ֆերոմոնով ապակողմնորոշում ենք. թակարդներ են տեղադրվում, արուները լցվում են այդտեղ և կամաց-կամաց վերանում են: Պտուղը դառնում է էկոլոգիապես մաքուր, ոչ մի թունաքիմիկատ, հերբիցիտ չի օգտագործվում: Շատ քիչ քանակով են օգտագործվում, մեկ գրամից մոտավորապես 65 թակարդ է ստացվում: Սա թանկ հաճույք է, մի գրամը մոտավորապես 300 եվրո է: Ֆիրմաներ կան, որ բերում են, բայց մենք ուզում ենք գոնե Հանրապետության պահանջներն ապահովենք: Ստանալուց հետո կդրվի արտադրություն: 200-300 գրամը Արարատյան դաշտին բավարար է»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Հմայակ Սարգսյանը:

Մեր զրուցակիցը նշեց՝ ցեց կա այնտեղ, որտեղ լոլիկ կա, և դրանք տարածվել են դրսից բերած լոլիկի սերմերից, Հայաստանում առաջ չի եղել լոլիկի ցեց: Նկատենք, որ լոլիկի հարավամերիկյան ցեցը սնվում է մորմազգի մշակաբույսերով: Հայաստանի տարածքում լոլիկի հարավամերիկյան ցեցն առաջին անգամ հայտնաբերվել է 2012 թվականին Արարատի մարզի Դարակերտ և Ղուկասավան համայնքներում։

Հավելենք, որ ֆերոմոնային թակարդները թույլ են տալիս ղեկավարել վնասակար միջատներին` չվնասելով մյուս օրգանիզմներին և շրջակա միջավայրին: Ֆերոմոնային թակարդները որսում են թիրախային տեսակներին, նույնիսկ, եթե նրանց պոպուլյացիաների քանակությունը ցածր է: Ֆերոմոնային թակարդները կարող են օգտագործվել գյուղատնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ բանջարային և դեկորատիվ մշակաբույսեր, պտղաբուծություն (արդյունաբերական այգիներ), խաղողագործություն (արդյունաբերական խաղողի այգիներ), անտառային տնտեսություն և այլն:
Ֆերոմոնային պատիճները պարունակում են սինթետիկ և բիոլոգիական գրավիչ նյութեր, յուրահատուկ են տարբեր տիպի վնասատուների համար: Հասանելի են մոտ 50 տեսակի տնտեսապես վնասակար վնասատուների ֆերոմոնային պատիճներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս