«Ադրբեջանը միանշանակ հող է նախապատրաստում թե՛ Տավուշի, թե՛ Արարատի մարզերի նկատմամբ ռազմական ոտնձգություններ իրականացնելու համար». Կարեն Հովհաննիսյան

Ադրբեջանի  արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը մայիսի 10-ին ասել էր, որ  Բրյուսելյան հանդիպման արդյունքներով հայկական կողմը խաղաղության համաձայնագրի և սահմանազատման գործընթացի համար համաձայնություն է տվել։

Նա ասել է, որ Տավուշի 7 գյուղերը և Տիգրանաշենի «վերադարձի» գործընթացն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան,

«Այդ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու հետ կապված հարցը կլուծվի ընթացող բանակցությունների արդյունքում: Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ այդ տարածքներն «Ադրբեջանի տարածքը» (չակերտները՝ Tert.am) չեն։ Քանի որ այդ տարածքների «վերադարձն» (չակերտները՝ Tert.am) Ադրբեջանին պահանջում է սահմանազատման գործընթաց, հարցը կդիտարկվի հենց այս շրջանակում։ Կքննարկվի Ադրբեջանին այդ տարածքների «վերադարձը» (չակերտները՝ Tert.am) , և լուծում կգտնվի»,- ասել է Խալաֆովը:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը և այդ համատեքստում Տավուշին սպասվող հնարավոր վտանգներին, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նկատեց՝ եթե այդ հայտարարությունն աներ Ադրբեջանի մեկ այլ գերատեսչության ներկայացուցիչ, կարող էին ենթադրել, որ դա ուղղված է ներքին լսարանին, սակայն, երբ նման հայտարարություն անում է արտաքին գերատեսչության ներկայացուցիչը, ապա այդ հայտարարությունը հստակ ուղղված է Հայաստանին։

«Սա ուղղված է նաև միջնորդ երկրներին, թե Ադրբեջանն ինչպիսի պահանջ ունի Հայաստանի նկատմամբ։ Այս համատեքստում կարող ենք ասել, որ Ադրբեջանն արդեն առաջ է քաշում բանակցային իր նախապայմանները խաղաղության պայմանագրի շուրջ, որոնք անընդհատ մերժվում էին կամ մշտապես չեզոքացվում էին Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարությունների տեսքով։  Այստեղ Հայաստանի իշխանությունը պետք է հանդես գա հստակ հայտարարությամբ, հաստատի կամ հերքի այդ ամենը կամ առհասարակ այդ հարցի շուրջ բանակցելը։ Եվ եթե իսկապես այդ հարցի շուրջ բանակցություններ չկան, ապա միանշանակ կարող ենք հստակ ասել, որ Ադրբեջանը միանշանակ հող է նախապատրաստում թե՛ Տավուշի, թե՛ Արարատի մարզերի նկատմամբ ռազմական ոտնձգություններ իրականացնելու համար և այդ ամենն արդարացնելու համար։ Այնպես որ, սա այս համատեքստում է տեղավորվում»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե ամեն դեպքում կան նմանատիպ խոսակցություններ կամ բանակցությունների ընթացքում Ադրբեջանի կողմից եղել են նման ակնարկներ, և Հայաստանի կողմից չի եղել հավուր պատշաճի արձագանք, ապա նրանք դա ընդունել են՝ որպես դրական ազդակ, և այլևս այդ մասին իրազեկում են հանրությանը։

Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ որևէ ռազմական գործողություն չի սկսվի հայ-ադրբեջանական սահմանին։

«Այն քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, դրանց անդրադարձել է նաև ՌԴ-ն՝ ասելով, որ դա Հայաստանի ներքին գործն է։ Դրանով Մոսկվան կարծես թե հասկացնել է տվել Ադրբեջանին, որ չպետք է օգտվի առիթից, որ Հայաստանում ներքին քաղաքական կյանքը լարված է, և գնա սադրանքների։ Ամեն դեպքում այս փուլում բացառում եմ որևէ ռազմական գործողություն»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս