Մարդիկ վայրենանում են զանգվածային հակառուսական քարոզչությունից. Լեհաստանում ՌԴ դեսպանը՝ իր վրա ներկով հարձակման մասին
Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը հայտարարել է, որ լուրջ վնասվածքներ չի ստացել Վարշավայում հարձակման հետևանքով։ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք դեռ պետք է դա պարզենք: Միգուցե ինչ-որ քերծվածք լինի, բայց ո՛չ ես, ո՛չ թիմը լուրջ բան չունենք»,- ասել է Անդրեևը ռուսական լրատվամիջոցների լրագրողներին:
Նա ընդգծել է, որ միջադեպը հակառուսական համատարած ապատեղեկատվության արդյունք է։
«Մարդիկ վայրենանում են ուկրաինական և արևմտյան զանգվածային քարոզչության, ապատեղեկատվական պատերազմի, «ֆեյքերի» ազդեցության տակ։ Կան կեղծիքներ, որոնք արդեն բազմիցս բացահայտվել և հերքվել են, բայց մարդիկ սրանից կախվածություն ունեն և ոչ մի բանի չեն արձագանքում»,- ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը երկուշաբթի հարձակման է ենթարկվել, երբ փորձել է ծաղիկներ դնել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրի մոտ։
Ռուսաստանի Դաշնության դեսպանին, նրա կնոջը և ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել գնալ հուշահամալիր։ Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են դիվանագետներին ու օգնել հասնել մեքենային: