«Որպեսզի լիարժեք տեր դառնան մեր հայրենիքին, նրանք փորձում են ոչնչացնել այդ հայրենիքի տերերին». Պատմաբան
Պատմաբան, ՊՆ Մայր Հայաստան զինվորական թանգարանի նախկին տնօրեն Ավագ Հարությունյանի խոսքով՝ եթե հայությունը հույսն ու հավատը պահի, ապա ապագայում կկարողանա Ռուսաստանի օգնությամբ ազատագրել Շուշին։
«Այս իրավիճակում, կարծում եմ՝ ավելի ակնհայտ դարձավ, որ Հայաստանի միակ աջակիցը Ռուսաստանն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբանը՝ անդրադառնալով Շուշիի ազատագրման 30-ամյակին։
Ըստ նրա, այսօր Հայաստանի ու տարածաշրջանի երկրների հարաբերություններին, այդ թվում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններին, միջամտում է Արևմուտքը, մինչդեռ պատմությունը ցույց է տվել, որ Արևմուտքից առհասարակ հայ ժողովուրդը (առնվազն վերջին 100-200 տարիների ընթացքում) որևէ իրական շահ ու աջակցություն չի ունեցել։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որի մասին ՀՀ իշխանությունը բազմիցս հայտարարել է, Ավագ Հարությունյանը նկատեց՝ պետք է հարց ուղղել այդ հայտարարության հեղինակին ու հարցնել՝ այդ խաղաղությանը հավատո՞ւմ է։
«Մեկ բանում համոզված եմ, որ տարածաշրջանում խաղաղություն հնարավոր կլինի հաստատել միայն Ռուսաստանի անմիջական դերակատարության շնորհիվ։ Որևէ այլ աշխարհաքաղաքական գործոնի՝ լինի Արևմուտք, Եվրոպա թե Միացյալ Նահանգներ, չեն կարող խաղաղություն հաստատել։ Միայն Ռուսաստանի դերակատարության և ռուսական զենքի ավելացման շնորհիվ հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Մնացածն իրականության հետ կապ չունեցող խոսակցություններ են»,- հավելեց Ա. Հարությունյանը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, պատմաբանն ասաց, որ Թուրքիան պատմականորեն՝ 10-րդ դարից սկսած, մեկ նպատակ է հետապնդում՝ տիրանալ պատմական Հայաստանին, ամեն գնով իսպառ վերացնել այդ պատմական հայրենիքի իսկական տերերին։
«Որպեսզի լիարժեք տեր դառնան մեր հայրենիքին, նրանք փորձում են ոչնչացնել այդ հայրենիքի տերերին։ Սա է թուրքի ամբողջ նպատակը, իսկ նախապայմանները, պայմանները, սա դիվանագետներն ինչպես կուզեն, թող այնպես էլ ձևակերպեն։ Թուրքիան առայժմ տեր է դարձել մեր հայրենիքի մի հատվածին՝ Արևմտյան Հայաստանին, այժմ էլ ձգտումները նրան բերում են այստեղ»,- շեշտեց պատմաբանը։
Նա նաև կարծիք հայտնեց այսօր Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով. «Ցանկացած պայքարում, որտեղ հույս ու հավատ կա և նպատակներին հասնելու ձգտում ու կամք կա, ապա այդ պայքարը մշտապես ունենում է հաջողություն»։