ԱՄՆ-ում կին զինծառայողներին թույլատրվել է մասնակցել ռազմական գործողությունների
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Փանեթան որոշում է ընդունել ամբողջովին չեղյալ հայտարարել ԱՄՆ զինված ուժերի, այդ թվում նաև հատուկջոկատայինների ստորաբաժանումների ցամաքային ռազմական գործողություններին կին զինծառայողների մասնակցության սահմանափակումները:
ԱՄՆ Կոնգրեսը ողջունել է ռազմական գերատեսչության քաղաքականության փոփոխությունը, որին վաղուց ձգտում էին հասնել կին զինծառայողները, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող հասարակական կազմակերպությունները: ԱՄՆ սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Կառլ Լևինը հայտարարել է, որ այդ փոփոխությունն արտացոլում է 21-րդ դարի ռազմական օպերացիաների իրողությունները:
Ցամաքային ռազմական գործողություններին կանանց մասնակցելու վրա արգելք է դրվել 1994 թվականին, և այժմ դա ամբողջությամբ չեղյալ է հայտարարվում: Այժմ 1.4 միլիոն ամերիկացի զինծառայողների 14 տոկոսը՝ մոտ 200.000 մարդ, կազմում են կանայք: Նրանցից ավելի քան 37.000-ը սպաներ են: Աֆղանստանում ու Իրաքում ԱՄՆ օպերացիաների ժամանակ այդ երկրներ են ուղարկվել 280.000 ամերիկացի կին զինծառայողներ, որոնցից 152-ը զոհվել են: Ընդհանուր առմամբ, այդ երկու երկրներում ԱՄՆ կորուստները կազմել են ավելի քան 6600 մարդ: