Փաշինյանի կալանավորումը օրերի հարց է. եղել է մտադրված սպանդ. զոհված զինծառայողի ծնող
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները և հարազատները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջում են անհապաղ առանձին քրեական գործ հարուցել, մեղադրանք առաջադրել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և կալանավորել: Հենց նույն պահանջով ապրիլի 26-ին հաղորդում էին ներկայացրել Դատախազություն, որտեղից էլ միջնորդությունն ուղարկվել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ քննելու և 5-օրյա ժամկետում ծնողներին պատասխանելու համար:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրած իրենց պահանջի և իրենց սպասելիքների մասին, 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել ինքնախոստովանական ելույթներով, իսկ ապրիլի կեսին Ազգային ժողովում նրա ունեցած ելույթն ուղղակի ծաղր էր՝ ինչն էլ հիմք դարձավ Դատախազություն հաղորդում ներկայացնելու համար։
«Մենք Դատախազություն հաղորդում ենք ներկայացրել մասսայական սպանդի վերաբերյալ։ Ինչ որոշում էլ որ կայացվի, բացի Փաշինյանի կալանավորումը, մենք խորհրդակցելու ենք մեր փաստաբանների հետ ու գնալու ենք ամեն քայլի՝ սկսելով նաև ցանցային պայքարից՝ մինչև հասնենք նրա հեռացմանն ու պատժմանը»,- ասաց Նաիրա Մելիքյանը՝ հավելելով,- Եղել է մտադրված սպանդ։ Փաշինյանի կալանավորումը օրերի կամ ամիսների հարց է. ընդվզումն օր օրի է ավելանում։ Վստահ եմ՝ նա հրաժարական է տալու։ Խնդիրն այն է՝ կտա հրաժարական կամավո՞ր՝ իր մեղքի բեռը մի փոքր թեթևացնելով, թե՞ ոչ. իրեն ճանաչելով՝ կարող եմ ասել՝ չի բացառվում, որ գնա արյուն թափելով»։
Հարցազրույցի մասնակից, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռուբեն Պողոսյանի հարազատ Եղիշե Զարունցն էլ կոչ արեց՝ ինչպես զոհվածների ծնողներին ու հարազատներին, այնպես էլ՝ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ դուրս գալ փողոց ու պահանջատեր լինել՝ միանալով փողոցում իրենց կազմակերպած բողոքի ակցիաներին։
«Եղել է դավաճանություն, կան կասկածներ, կան նաև փաստեր և տեղեկություններ, ուստի կոչ ենք անում գալ միանալ մեր պայքարին, որը ոչ մի կուսակցության հետ չի առնչվում, մենք պայքարում ենք մեր տղաների թափած արյան համար, որը թափվել է մեր հայրենիքի համար և որը երբեք ջուր չի դառնա»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում