Ցանկացած վայրագության պատրաստ են. ոստիկանների մեջ նիկոլիզմի կրողները քիչ չեն. Ռուբեն Մելիքյան

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ շատ հաճախ բիրտ ուժ է կիրառում այն դեպքերում, երբ թվով գերազանցում է ակցիա անողներին, ուստի, այս համատեքստում, ինձ համար անհասկանալի են այն ընդդիմադիր գործիչները, որոնք կոչ են անում ոստիկաններին չքննադատել. ըստ իս՝ դա փողոցային պայքարի տրամաբանությունը լավ չպատկերացնելու արդյունք է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ Հայաստանում ապրիլի 17-ից նոր թափով ծավալված բողոքի ակցիաների մասին նման տեսակետ հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով.

«Այո՛, ոստիկանների մեջ կան հայրենասերներ, բայց, երբ տեսնում ես, թե ինչ խայտառակ ապօրինություններ են անում, տեսնում ես, թե ինչպես են բերման ենթարկվածները պատմում, որ մեքենայի մեջ ոստիկաններն իրենց ոտքերով հարվածում են, տալիս վերջին հայհոյանքները, այդքանից հետո ինչպե՞ս կարող ես այդ ապօրինություններին չարձագանքել, ուստի կտրականապես դեմ եմ ընդդիմադիրների այն թեզերին, թե ոստիկանները մերն են։ Ոստիկանների մեջ քիչ չեն մարդիկ, որոնք նիկոլիզմի կրողներն են ու պատրաստ են ցանկացած վայրագության՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ դուրս եկած մարդկանց դեմ»,- ասաց Մելիքյանը։

Միևնույն ժամանակ նա հույս հայտնեց, որ հիմա ընդդիմությունը, ի տարբերություն նախորդ բողոքի ակցիաների, պետք է գործի շատ ավելի կազմակերպված, իր զինանոցում ունենա նաև Փաշինյանի հնարավոր կոնտր հանրահավաքներին հակազդելու մեխանիզմներ։

«Հույս ունեմ, որ ընդդիմությունը, որն այս անգամ ավելի մշակված է գործում, կոնտր հանրահավաքների հնարավորությունը հաշվի է առել։ Նիկոլ Փաշինյանը բավականին հմտացել է օտարերկրյա և թուրք-ադրբեջանական խորհրդատուների խորհուրդներով և գիտի՝ ինչպես կարելի է ներքին շարժումների դեմ պայքարել։ Այս համատեքստում պատահական չեմ համարում, որ, կարծես թե, հրահանգով ՔՊ-ականները շատ հազվադեպ են խոսում։ Սա տեխնոլոգիա է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով, որ այս պահին Փաշինյանը գնալու է ինչպես ուժ ցույց տալու, այնպես էլ խաբելու տարբերակով հասարակության չկողմնորոշված հատվածին փողոց չհանելու տարբերակով, որովհետև, եթե նրանք էլ փողոց դուրս գան, ոչինչ անել չի կարողանա։

«Չնայած՝ ունի վերջին հնարավորություն՝ կարող է զենք կիրառել և արյուն թափել, բայց այստեղ էլ հարց է առաջանում՝ արդյո՞ք նրա հրամանները կկատարվեն»,- ասաց Մելիքյանը՝ չբացառելով, որ ուժային կառույցները կարող են ինչ-որ պահի միանալ հանրային ընդվզման ալիքին։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս