Շուշիի գորգերն իրենց տեղը չեն գտել, իսկ Արցախի տարածքից գտնված եզակի հնագիտական առարկաները տեսնելու համար դեռ ժամանակ կա
44-օրյա պատերազմի թեժ օրերին Շուշիի գորգերի թանգարանից մեծ դժվարությամբ, գիշերով, պայթող արկերի տակ փրկված մոտ 170 գորգերն իրենց տեղը դեռ չեն գտել:
Խնամքով պահում են Երևանի անկյուններից մեկում, մինչև ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը որոշում կկայացնի, թե որտեղ են պահվելու և ցուցադրվելու գորգերը:
«Հունվար ամսից գորգերը չեն ցուցադրվում: Իսկ մինչև հունիս ամիսն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում «Հնագիտական մասունքներ Շուշիից» խորագրով կցուցադրվի բրոնզեդարյան խեցեղենը, որը 44-օրյա պատերազմի ընթացքում բերվել է Երևան: Ներկայացված են Շուշիի գորգերի թանգարանի եզակի հնագիտական առարկաներ՝ հիմնականում խեցեղեն և մետաղե իրեր, սափորներ, կճուճներ, զարդ-հմայիլ, դաշույններ, դրամներ: Դրանք բոլորը գտնվել են Արցախի տարածքից և թվագրվում են մ.թ.ա 20-6-րդ դարերով: Ներկայացված ցուցանմուշների մեծ մասը պատկանում է հայկական լեռնաշխարհի էթիունյան մշակույթին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության լրատվական բաժնից ավելի վաղ մեզ հայտնել էին, որ ԿԳՄՍ փոխնախարար Ալբերտ Քոչարյանը հանդիպել է Շուշիի թանգարանի տնօրենին, քննարկվել է գորգերի տեղավորման հարցը, այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվում, արդյունքների մասին կտեղեկացնեն: Հարցին՝ սա նշանակո՞ւմ է, որ արդեն շենք կա առանձնացված, նախարարությունից պատասխանեցին, որ խոսքը մեկ տեղի մասին չէ, մի քանի ուղղություններով աշխատում են:
Ուստի վերջնական եզրահանգման գալուց հետո կտարածվի համապատասխան տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ գորգերը ժամանակավորապես պահվում էին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը խոսելով կայացած որոշման մասին՝ ասել էր.
«Մեր պայմանագիրը կես տարով էր, որը վաղուց անցել է, և այդ դահլիճում դեռ պատերազմից առաջ պետք է լիներ Ճարտարապետության թանգարանի ուսումնական ցուցադրությունը: Խնդիրն այն չէ, որ ասել եմ՝ հանեն, խնդիրն այն է, որ դա ճարտարապետության հետ կապ չունի: Բոլորս կարծում էինք, որ դա լինելու է կես տարվա ցուցահանդես, իսկ հետո Վարդանը կստանա իր թանգարանի համար պատշաճ մի տեղ: Մենք վստահ էինք, որ պետությունը՝ լինի Հայաստանի թե Արցախի կառավարությունը, տարբերություն չկա, կկարողանա ինչ-որ մի ձևով այդ թանգարանի համար ճիշտ տեղ գտնել: Ցավոք, պարզվեց՝ մեր կառավարությունները չկարողացան դա անել: Էքսպերտիզան վերջացել է արդեն, բայց գիտեմ, որ գորգերը տանելու տեղ չունի: Ես գիտեմ, որ սա փակուղի է, որտեղ մեր կամքով չենք հայտնվել: Անհասկանալի վիճակ է ստեղծվել, և պետք է միասին փորձենք այդ փակուղուց դուրս գալ: Ուզում եմ ասել՝ Շուշիի գորգերի թանգարանն ընդունեցի ես, ընդունեց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, ուրիշ ոչ ոք, հասկանո՞ւմ եք: Ես երջանիկ կլինեի, եթե ունենայի այնքան տեղ ու հնարավորություն, որ այդ գորգերն ավելի երկար պահեի ինձ մոտ, սակայն, ցավոք, փակուղի է, որից պետք է փորձենք ելք գտնել»: