Թուրքիան դատապարտել է պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ուժայինների գործողությունները Երուսաղեմում
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել «Պաղեստինում լարվածության աճի և Իսրայելի անվտանգության ուժերի կողմից Ալ-Աքսա մզկիթում աղոթող մուսուլմանների դեմ գործողության» վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան անընդունելի է համարում և դատապարտում է Պաղեստինի մի շարք քաղաքներում հատկապես Ջենինում Իսրայելի անվտանգության ուժերի կողմից 7 պաղեստինցու, այդ թվում մեկ երեխայի սպանությունը, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթում մուսուլմանների դեմ գործողությունը, որի հետևանքով մարդիկ են վիրավորվել:
Թուրքիայի ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարել ևս մեկ անգամ ընդգծել, որ կարևոր է՝ հատկապես այս փխրուն ժամանակահատվածում թույլ չտալ Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի և հոգևոր նշանակության դեմ հրահրումներ և սպառնալիքներ:
Հիշեցնենք, որ Երուսաղեմում հրեաների և մահմեդականների սրբատեղի Տաճարի լեռան վրա նախօրեին բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև, ինչի հետևանքով ավելի քան 150 պաղեստինցի վնասվածքներ է ստացել։
Պաղեստինցիների և իսրայելական անվտանգության ուժերի միջև լարվածությունը կտրուկ աճել է Իսրայելում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո, որոնց զոհ է դարձել 14 մարդ:
Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական բանակի կողմից նախօրեին իրականացված գործողության հետևանքով երեք պաղեստինցի է զոհվել։
Ընդհանուր առմամբ, վերջին երեք շաբաթվա ընթացքում բռնությունների աճի հետևանքով տարածաշրջանում 21 պաղեստինցի է մահացել։