«Բարձրադիր գոտիներում սերմացուի լուրջ պակաս կա»
Աշնանացան ցորենի ծավալները Շիրակի մարզում նվազել են, գյուղացին սերմացուի աջակցություն չի ստանում, իսկ պարարտանյութի սուբսիդավորումը մինչև 3 հեկտար հողօգտագործողների համար է: Գարնանացանի ծավալներն էլ ուղղակի կախված են սերմացուի, դիզվառելիքի ու պարարտանյութերի գներից, իսկ բերքատվության երաշխիքը ոռոգման ջրի կուտակվող պաշարներն են։
Գյուղացիները նշում են՝ չկա սերմացու, պարարտանյութ, ոռոգման ջրի հարցերը լուծված չեն: Իսկ եթե անգամ պարարտանյութ կա, ապա գինը 12000-13000 դրամ է:
Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանի փոխանցմամբ՝ բնակիչները սերմացու չունեն, դեռևս բավարար քանակությամբ պարարտանյութ ձեռք չի բերվել:
«Ամբողջ Ախուրյան խոշորացված համայնքի 33 բնակավայրերի կողմից ներկայացվել է 3300 տոննա ամոնիակային սելիտրայի և գրեթե 45-50 տոննա հանքային պարարտանյութերի պահանջարկ, և այսօրվա դրությամբ՝ 270 տոննա պարարտանյութ է ձեռք բերվել, որը բավարար չէ գարնանացան սկսելու համար»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Վարդան Իկիլիկյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ 168.am-ի հետ զրույցում նշեց. «Բարձրադիր գոտիներում, որտեղ գարնանացան են կատարում, Գեղարքունիքի, Շիրակի մարզում, Լոռիում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, սերմացուի լուրջ պակաս կա: Անցած տարի երաշտ էր, բերք շատ քիչ ստացվեց, և խնդիր կա այդ առումով»:
Ինչ վերաբերում է պարարտանյութերի գնին, Գառնիկ Պետրոսյանը նկատեց. «Պետությունն այստեղ շատ լուրջ, կարևոր քայլ է արել: Իրականում պետք է շնորհակալ լինել կառավարությունից, որ նման քայլի է գնացել: Մեկ պարկին 9000 դրամ սուբսիդիան դա շատ լուրջ բան է»:
Էկոնոմիկայի նախարարությունից էլ հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով։ Ապրիլի 9-ի դրությամբ ունեցած օպերատիվ տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 5,400 տոննա և ՀՀ 8 մարզեր է մատակարարվել 2,550 տոննա պարարտանյութ. Արագածոտնի մարզ` 400 տոննա, Արմավիրի մարզ` 1,100 տոննա, Կոտայքի մարզ` 160 տոննա, Լոռու մարզ` 120 տոննա, Շիրակի մարզ` 340 տոննա, Վայոց ձոր` 80 տոննա, Սյունիքի մարզ` 300 տոննա, Տավուշի մարզ` 50 տոննա։
Պարարտանյութերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն և մատակարարումը ՀՀ մարզեր ընթացքի մեջ է․ ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում: Ինչ վերաբերում է գներին, ապա նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար, կսուբսիդավորվի կամ կփոխհատուցվի մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը, մատակարարների կողմից պարարտանյութերի վաճառքը կիրականացվի մարտի 17-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։