«Երթևեկության կանոններն արհամարհողները, պոտենցիալ իրավախախտներն արատավոր պրակտիկայով վարորդական իրավունք ձեռք բերած վարորդներն են»
2020 թ. մարտի 26-ի ՀՀ կառավարության որոշմամբ, որն ուժի մեջ է մտել անցած տարվա հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունը միացել է Եվրամիության անդամ-երկրների՝ վարորդական իրավունքի վկայականների ներկայացվող օրինակելի ձևը, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննությունների կարգը, դիմումատուի առողջական չափանիշները և անհրաժեշտ բոլոր իրավական կարգավորումները սահմանող Եվրապառլամենտի և Եվրախորհրդի ընդունած հրահանգին։
Համաձայն նոր կարգի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Մեծացել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը՝ նախկինում եղած քննական 600 հարցին ավելացվել է ևս 500-ը։ Տեսական քննության 10 հարցի փոխարեն՝ սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։
Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմող քաղաքացիները պետք է հերթագրման հայտ ուղարկեն roadpolice.am կայքի միջոցով։
Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանից հետաքրքվեցինք՝ արդյոք այս փոփոխությունը դրական ազդեցություն կունենա՞, կնպաստի՞, որ ավելի կիրթ վարորդներ ունենանք:
«Ինչքան դժվարացնեն, այնքան լիցենզիան ավելի կարևոր ու թանկ կլինի մարդու համար, ավելի շատ, այսպես ասած՝ վրան կդողա: Երթևեկության կանոններն արհամարհողները, պոտենցիալ իրավախախտները նախկինում հեշտացված, արատավոր պրակտիկայով վարոդական իրավունք ձեռք բերած վարորդներն են»:
Հարցին՝ արդյո՞ք վերացել է այն պրակտիկան, որ պարզապես վարորդական վկայական էին տալիս՝ առանց քննության կամ գիտելիքները ստուգելու, մեր զրուցակիցը նշեց. «Այո, վերացել է։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ իսպառ վերացել է, սակայն կարելի է երաշխավորել, որ համակարգը 99%-ով ճիշտ աշխատում է»: