Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը
Ապրիլի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի անցկացրած հանդիպման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարությունում ողջունվել է այն, որ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները և համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների միջև մինչև ապրիլ ամսվա վերջ համատեղ սահմանային հանձնաժողովի ձևավորման հարցում։
Հայտարարությունում նաև շեշտվել է, որ Թուրքիան աջակցում և ակտիվորեն նպաստում է տարածաշրջանում խաղաղության և կայունության մթնոլորտի ապահովմանն ուղղված ջանքերին։