Լավրովը և Կուլեբան պատրաստ են նոր հանդիպման. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան պատրաստ են նոր հանդիպման: Չավուշօղլուն ասել է թուրքական A Haber-ին:

«Դմիտրի Կուլեբան և Սերգեյ Լավրովը մեզ հայտնել են, որ պատրաստ են հանդիպմանը։ Առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում առնվազն Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով կարող է հանդիպում լինել»,-ասել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուի խոսքով՝ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «ավելի նշանակալի հարցեր» քննարկվեն ավելի բարձր մակարդակներում։

«Պատվիրակությունների տեխնիկական բանակցությունները կշարունակվեն։ Սրան զուգահեռ հանդիպում կանցկացնեն արտգործնախարարները, և եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, կհաստատեն։ Հաջորդ փուլը լինելու է երկու երկրների ղեկավարների հանդիպումը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ թուրքական կողմն ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի արտգործնախարարների հանդիպումը կայանա:

«Այժմ մենք անհրաժեշտ ջանքեր ենք գործադրում, որպեսզի ԱԳ նախարարների հանդիպումը կայանա։ Երեկ մենք Կուլեբային և Լավրովին փոխանցեցինք մեր առաջարկներն այս հարցի վերաբերյալ և պատրաստ ենք անել ամեն ինչ մեր իրավասության շրջանակներում։ Լավրովը Չինաստանում էր և հայտարարեց, որ պատրաստվում է մեկնել Հնդկաստան։ Կուլեբան նշել է, որ կցանկանար մասնակցել նման հանդիպմանը, երբ կողմերը պատրաստ լինեն»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ Ստամբուլում բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը գրավոր առաջարկ է ուղարկել Ռուսաստանին՝ ներառյալ անվտանգության երաշխիքները։

Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ստույգ ժամկետը դեռ համաձայնեցված չէ, սակայն հանդիպումը կարող է կայանալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

«Մեզ (Ստամբուլում) ասացին, որ ավելի բարձր մակարդակով հանդիպում, առնվազն արտգործնախարարների մակարդակով, կարող է տեղի ունենալ 1-2 շաբաթվա ընթացքում»,- ասել է նա։

Նա հույս է հայտնել, որ Ստամբուլը կրկին կողմերի կողմից կընտրվի որպես խաղաղ երկխոսության հարթակ։

«Թուրքիան ամենահարմար վայրն է, այդ թվում՝ լոգիստիկայի համատեքստում»,- պարզաբանել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս